Քաղաքականություն

Արման Թաթոյանը խոստանում է նվազեցնել ոռոգման ջրի գինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակներով հողերի համար

3 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը խոստանում է նվազեցնել ոռոգման ջրի գինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակներով հողերի համար

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջնանակներում մայիսի 17-ին եղել են Արմավիրի մարզում։

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադարձել է գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք խնդիրների՝ մասնավորապես, ոռոգման ջրի, գյուղմթերքի մթերման և գյուղացու սոցիալական վիճակի հարցերին։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գյուղացին չունենա խնդիր կապված ոռոգման ջրի հետ։Մեր ծրագրով հստակ ունենք նախատեսած ծրագիր՝ ոռոգման ջրի հետ կապված։ Պետք է լինեն ընդամենը սիմվոլիկ գումարներ։ Եթե դու ջուր չես տալիս գյուղացուն, ամբողջ տարի մարդը չարչարվելու է,  բայց արդյունք չի ունենալու, չի իմանալու ինչ բերք է ստանալու։ Դրա համար մենք նախատեսել ենք նվազեցնել ոռոգման ջրի սակագինը գյուղացիների տնամերձ ու ոչ բիզնես նպատակով հողերի համար՝ ոռոգման ջրի գինն ամբողջ սեզոնի համար պետք է լինի կես հետկար հող ունեցողի համար 500 դրամ, 1 հեկտար ունեցողի համար՝ 1000 դրամ, 2 հեկտար ունեցողի համար՝ 2000 դրամ և այդպես շարունակ»,- ասել է Արման Թաթոյանը։ 

Խոսելով գյուղմթերքի մթերման խնդրի մասին՝  Թաթոյանն ասել է՝ անընդունելի է, երբ գյուղացին իր խնդիրների հետ մնում է միայնակ և ստիպված է անհավասար պայմաններում բանակցել խոշոր մթերողների հետ։

Նա ընդգծել է, որ պետությունը պետք է կանգնի գյուղացու կողքին նաև մթերումների կազմակերպման և արդար պայմանների ապահովման հարցում։ 

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումն ու գյուղացու պաշտպանությունը պետք է դառնան պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ 

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում