Քաղաքականություն

Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։

Բոլոր ահազանգերը նախարարությունը համապատասխան ընթացակարգով ուղարկում է նաև իրավապահ մարմիններին՝ քննություն իրականացնելու նպատակով:

Նախարարությունը կարևորում է կրթական հաստատությունների ապաքաղաքականացված գործունեությունը և վերահաստատում է, որ ուսումնական հաստատությունները պետք է գործեն քաղաքական գործընթացներից զերծ, ապահովեն կրթության անաչառ և չեզոք միջավայր, իսկ նմանատիպ դեպքերը գտնվում են խիստ վերահսկողության ներքո, և ցանկացած նմանատիպ դրսևորում ենթակա է լինելու պատշաճ արձագանքի և իրավական հետևանքների»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցել են նաև դպրոցների ուսուցիչներ և կոլեկտիվներ, լրատվամիջոցների հետ զրույցում որոշ ուսուցիչներ նշել էին, որ դասերը մի փոքր շուտ են ավարտել, որպեսզի ներկա լինեն իշխող ուժի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում