3 րոպեի ընթերցում
Արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների, պետական բյուջեի աճի և հակակոռուպցիոն պայքարի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ իշխանություններին հաջողվել է վերադարձնել նախկինում յուրացված միջոցների մի մասը։
«Մենք միլիարդների գողացված եկամուտ արդեն հետ ենք բերել»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանի պետական բյուջե լրացուցիչ 6,6 միլիարդ դոլար մուտք է եղել։
Փաշինյանը նաև նշել է, որ միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-2025 թվականներին 300 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել, քան նախորդ ութ տարվա ընթացքում։
Վարչապետի խոսքով՝ հավաքագրված միջոցները վերադարձվել են քաղաքացիներին տարբեր ծրագրերի միջոցով։
«1․4 տրիլիոն դրամ գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին»,- նշել է նա՝ որպես օրինակ բերելով կենսաթոշակների բարձրացումը, եկամտային հարկի վերադարձի ծրագրերը, բազմազավակ ընտանիքների աջակցությունը, ինչպես նաև կրթության և բանակի ֆինանսավորման աճը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այժմ կան մինչև 700 հազար դրամ աշխատավարձ ստացող զինվորականներ և ուսուցիչներ, երկրում կառուցվում են 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
Նա նշել է նաև, որ վերջին տարիներին համայնքներում իրականացվել են մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրումներ։
Միևնույն ժամանակ վարչապետը խոստովանել է, որ ծրագրերը չեն իրականացվել այն արագությամբ, ինչ ակնկալվում էր։
«Դիմադրությունը մեծ է եղել։ Գիտեք 6․6 միլիարդ դոլար կորցնելը հե՞շտ է։ Մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, ժողովուրդ ջան, մաֆիայի դեմ»,- հայտարարել է Փաշինյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։