Գյումրիում պարգևատրվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի եզրափակիչ փուլում բարձր արդյունքներ գրանցած աշակերտները
2 րոպեի ընթերցում
Գյումրիում պարգևատրվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլում բարձր արդյունքներ գրանցած աշակերտները: Շիրակի մարզը ներկայացնող Գյումրիի թիվ 15 հիմնական դպրոցի 5-6-րդ դասարանցիներից կազմված թիմը զբաղեցրել էր մրցանակային 2-րդ տեղը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, մարզպետ Դավիթ Առուշանյանը աշխատակազմի պատասխանատուների հետ ներկա է գտնվել դպրոցում կազմակերպված միջոցառմանը։ Մարզպետը շնորհավորել է աշակերտներին լավ արդյունքներ գրանցելու առթիվ՝ բարձր գնահատելով նրանց կամքը, թիմային աշխատանքը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ուսուցչի հետևողականությունն ու նվիրվածությունը։ «Դուք ապացուցեցիք, որ միասնականությունը, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը բերում են արժանի հաղթանակի։ Վստահ եմ, որ այս հաջողությունը կոգեշնչի մյուսներին ևս ձգտել ավելի մեծ բարձունքների։ Լավ սովորելով, աշխատասիրությամբ և նվիրվածությամբ միայն հնարավոր է ունենալ լավ ապագա։ Վաղվա Հայաստանի, Շիրակի մարզի և Գյումրու տերերը դուք եք։ Այն ամենն, ինչ մեր սերունդը չի ունեցել, դուք պետք է ունենաք՝ ձեր գիտելիքով, ուժով և համառությամբ։ Պահանջեք առավելագույնը մեզանից, որովհետև մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք ավելի լավ հնարավորություններ, ավելի լավ կրթություն և ավելի ամուր ապագա»,-նշել է մարզպետը:
2026 թվականի ապրիլի 14-18-ը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնում ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացված մրցումներում Շիրակի մարզը ներկայացնող դպրոցի 5-6-րդ դասարանցիներից կազմված թիմը զբաղեցրել էր մրցանակային 2-րդ տեղը։
Մարզպետը թիմին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված գավաթը, մեդալներն ու դրամական պարգևները։ Ըստ սահմանված կարգի՝ դպրոցին տրամադրվել է 2 միլիոն 500 հազար դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 500 հազար դրամ, իսկ թիմի յուրաքանչյուր աշակերտ պարգևատրվել է 100 հազար դրամով։