Հայաստան

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էմանուել Մակրոնն ու Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակությունների մյուս անդամների հետ ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի նախագահը նաև գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հյուրերի հուշամատյանում:

Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մայիսի 5-ին մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան։ Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը: Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայցելի նաև Գյումրի, որտեղ նրանք կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգի։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում