Մերձավոր Արևելք

Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել քաղաքացիական անձանց և շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել քաղաքացիական անձանց և շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Իսրայելի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ հարգելու միջազգային օրենքները և դադարեցնելու քաղաքացիական անձանց, շտապօգնության ու քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների, ինչպես նաև մարդասիրական և առողջապահական կազմակերպությունների թիրախավորումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Աունը տեղեկացրել է, որ Իսրայելը շարունակում է խախտել հրադադարը Լիբանանում՝ ավերելով տներ և պաշտամունքի վայրեր, ինչի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն օրեցօր աճում է:

«Հարձակումները չեն խնայում շտապօգնության աշխատակիցներին և կամավորներին. մինչ օրս զոհվել է Լիբանանի Կարմիր խաչի և այլ մարդասիրական կազմակերպությունների մոտ 17 աշխատակից», - ասել է նա:

Նախագահը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից Լիբանանի Կարմիր խաչի կոմիտեին տրամադրվող համակարգումն ու աջակցությունը։ Նա կոչ է արել օգնել Լիբանանին պարզել իսրայելական բանտերում գտնվող լիբանանցի բանտարկյալների ճակատագիրը, որոնց հետ Իսրայելը շփում թույլ չի տալիս։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի բանակի պարեկախմբին, որն ուղեկցում էր նախորդ հարվածի վայր մեկնող բժշկական խմբերին: Ըստ լիբանանյան կողմի՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 բուժաշխատող:  Եվս 2 զինվոր վիրավորվել է: Աունը դատապարտել էր տեղի ունեցածը՝ փրկարարների վրա իսրայելական շարունակական հարձակումներն անվանելով միջազգային իրավունքի խախտում:

Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հայտարարված հրադադարին, կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին: Հակամարտության լուծման համար Լիբանանը և Իսրայելն ուղիղ բանակցություններ են մեկնարկել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում