Մերձավոր Արևելք

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին

Իսրայելական ուժերն ապրիլի 24-ի լուսաբացին ռմբակոծել են Լիբանանի հարավում գտվող մի քանի բնակավայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Յատար բնակավայրի հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հրետանային կրակով թիրախավորել է լիբանանյան Բինթ Ջբեյլ շրջանում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղին և տրանսպորտային միջոցները։

Բացի այդ, «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Շտուլա բնակավայրը։

«Իսրայելի կողմից հրադադարի խախտման և երկրի հարավում գտնվող Յատար գյուղի հրետակոծությանն ի պատասխան՝ դիմադրության մարտիկները հրթիռներ են արձակել Շտուլա գյուղի վրա», - ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը 3 շաբաթով երկարաձգելու մասին հայտարարությունից հետո ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն ասել է, որ հրադադարի հետ կապված իրավիճակը «100 տոկոսով կայուն չէ»։

«Լիբանանի կառավարությունը որևէ վերահսկողություն չունի «Հեզբոլլահ»-ի նկատմամբ», - CNN-ի հետ հարցազրույցում ասել է Դենի Դանոնը։

««Հեզբոլլահ»-ը հրթիռներ է արձակում՝ փորձելով խափանել հրադադարը, և Իսրայելը պետք է հակահարված տա։ Ամեն անգամ, երբ մենք սպառնալիք ենք տեսնում, մենք գործողություններ ենք ձեռնարկում», - շեշտել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում