Առողջապահության նախարարի տեղակալը հերքում է լուրերը, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը դադարելու է գործել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հերքում է տարածվող լուրերն ու խոսակցությունները, թե հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դադարելու է գործել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նանուշյանը թեմային անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, որ հատկապես տարեցների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դադարելու է գործել, դրա համար հիմա հիվանդանոցներում մեծ հերթեր են։ Պատգամավորն առաջարկեց իրազեկման մեծ արշավ սկսել և մարդկանց տեղեկացնել, որ համակարգը շարունակելու է գործել ընտրություններից հետո։

Նանուշյանն ընդգծեց, որ լուրերը, թե ընտրություններից հետո համակարգը դադարելու է գործել, կեղծ են։

«Իրականում մեծ ապատեղեկատվություն է տարածվում որոշ լրատվամիջոցների և ուժերի կողմից, բայց մենք տեսնում ենք, որ օրենքն ընդունվել է, և ապահովագրական համակարգը շարունակելու է գործել։ Ավելին՝ մինչև 2028 թվականը յուրաքանչյուր տարի նոր խմբեր են ավելանալու՝ ընդգրկելով երկրի ամբողջ բնակչությանը»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում առկա հերթերին՝ Նանուշյանն ասաց, որ այդ հերթերը, հավանաբար, պայմանավորված են այն հանգամանքով, որ մարդկանց մոտ տարիներով կուտակված առողջական խնդիրներ են եղել, և նրանք փորձում են համակարգի գործարկման հենց սկզբից լուծել այդ խնդիրները։

«Շնորհակալ եմ իրազեկման արշավ իրականացնելու առաջարկի համար։ Այո, մենք կշարունակենք իրազեկումը հենց այդ ուղղությամբ, որովհետև ապատեղեկատվությունը բավականին նեգատիվ ազդեցություն է ունենում ընդհանուր համակարգի տրամադրության ու վստահության վրա»,- եզրափակեց նախարարի տեղակալը։

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին