Մերձավոր Արևելքում էսկալացիայի ռիսկն ավելի բարձր է, քան որևէ համաձայնագրի ստորագրումը. փորձագիտական քննարկում
8 րոպեի ընթերցում

«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի թեման առնչվում էր ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմին, ինչպես նաև Հարավային Կովկասի վրա այդ պատերազմի ազդեցությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի անվտանգային, հումանիտար հետևանքներին, ինչպես նաև այն հարցին, թե այդ հակամարտությունը հնարավոր ինչ ազդեցություն կարող է ունենալ կոնկրետ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի վրա։

«Անվտանգային առումով ազդեցությունն առայժմ սահմանափակ է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցվեցին Նախիջևանին, ինչին Ադրբեջանը սկզբում շատ կոշտ արձագանքեց, սակայն շատ արագ այդ արձագանքը մեղմվեց։ Եղան մի քանի հրթիռների արձակումներ Թուրքիայի ուղղությամբ։ Պաշտոնական Անկարայի արձագանքն ավելի մեղմ էր։ Այնտեղ առնվազն հնչում են կասկածներ, թե արդյոք այդ հրթիռներն արձակվե՞լ են իրանական զինուժի կողմից, թե՞ եղել են սադրանքներ։ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չներքաշվի պատերազմի մեջ։ Այնտեղ կա հստակ պատկերացում, որ դա իրենց պատերազմը չէ, բայցև պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու Իրանի մասնատումը, քանզի այդ ժամանակ հարևան երկրում կլինի քրդական ինքնավարություն, որն իր հերթին Սիրիայի օրինակով կդառնա գլխացավանք Թուրքիայի համար»,- ասաց Պողոսյանը։
Խոսելով հումանիտար հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ դրանք նույնպես սահմանափակ են։
«Կար տեսակետ, որ եթե իրավիճակն ամբողջությամբ դուրս գա Իրանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից, ապա կառաջանան փախստականների լայնածավալ հոսքեր, իսկ դա լուրջ խնդիրներ կստեղծի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Այդուհանդերձ, իրադարձություններն առայժմ այդ սցենարով չեն զարգանում։ Կան տեղեկություններ այն մասին, որ Իրանում տեղի են ունենում ներքին միգրացիոն տեղաշարժեր, սակայն այդ պարագայում էլ խոսքը միլիոնավոր մարդկանց մասին չէ, այլ վերաբերում է հարյուր հազարավոր մարդկանց»,- նշեց Պողոսյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե պատերազմն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի վրա՝ ավագ գիտաշխատողն ընդգծեց, որ իրավիճակը նույնն է, որը ստեղծվել է 2025 թվականի օգոստոսի 8-ից ի վեր, երբ ստորագրվեց վաշինգտոնյան հռչակագիրը։

«Ըստ այդմ՝ Ադրբեջանի կողմից որևէ նոր ռազմական էսկալացիայի վտանգն այս պահին զրոյական է, թեև համաձայնեցված և նախաստորագրված խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն Ադրբեջանը շարունակում է կապել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների հետ։ Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորմանն ու պետական սահմանների ամբողջական բացմանը, ապա այդտեղ Թուրքիայի դիրքորոշումը նույնն է, որի համաձայն՝ հարաբերությունների նորմալացումը կախված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից ու վավերացումից։ Անկախ ամեն ինչից՝ ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը լուրջ ազդեցություն չի գործել հարավկովկասյան գործընթացների վրա»,- եզրափակեց Պողոսյանը։
«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանը, անդրադառնալով մերձավորարևելյան հակամարտությանը, շեշտեց, որ առկա է բավականին հաճախ հանդիպող երևույթ, երբ տակտիկական առումով կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ ամերիկա-իսրայելական երկյակը, ունի տակտիկական առաջընթաց հատկապես օդուժի կիրառման տեսանկյունից։

«Խոսքն այստեղ նույնիսկ ֆանտաստիկ էֆեկտիվության մասին է, երբ 10 հազար թռիչքների պարագայում կորուստներ գրեթե չկան։ Վնասվել է միայն մեկ կործանիչ։ Բայց, միևնույն ժամանակ, ռազմավարական մակարդակում Իրանն ունի որոշակի առավելություն, եթե խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցի փակմանը, ինչն ավելի շատ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար։ Ստեղծվել է բավականին հետաքրքիր իրավիճակ՝ զուտ ռազմական գործողությունները շարունակելու առումով։ Դոնալդ Թրամփը փորձում է հասնել ավելի շատ թվով դաշնակից երկրների ներգրավվածությանն այս հակամարտությունում, բայց իրականում, օրինակ, ՆԱՏՕ-ի գործընկեր երկրները չեն շտապում հետևել նրա հորդորներին»,- նշեց Ներսիսյանը։
Նա հավելեց, որ ԱՄՆ-ի պարագայում տեսանելի են վատ պլանավորված գործողություններ, ամերիկյան զինուժն, ըստ նրա, այդքան էլ չի հասկանում, թե այդ պատերազմում որոնք են իր նպատակները։
«Եթե նպատակներ չկա, ապա ոչ մի բանակ չի կարող էֆեկտիվ կերպով վարել մարտական գործողությունները։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նրա բանակը մեկ ամսվա ընթացքում ունեցավ լուրջ կորուստներ, ինչպես նաև խնդիրներ՝ կապված ՀՕՊ համակարգերի ու հրթիռային ենթակառուցվածքների հետ։ Հարցն այժմ այն է՝ ինչ կլինի մոտ ապագայում՝ էսկալացիա՞, թե՞ պատերազմական գործողությունների դադարեցում գալիք 2-3 շաբաթների ընթացքում։ Եթե Հորմուզի նեղուցի բացման նպատակով ձեռնարկվի ցամաքային օպերացիա Իրանի դեմ, ապա դա ռիսկային է այն առումով, որ կարող է վերաճել ավելի մեծ հակամարտության, որին կմասնակցեն հարյուր հազարավոր զինվորականներ, և այդ դեպքում հնարավոր կլինի նույնիսկ զուգահեռներ անցկացնել ռուս-ուկրաինական պատերազմի հետ»,- ասաց Ներսիսյանը։
«ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն հասել իրենց նախնական նպատակների իրականացմանը։

«Տեսանելի է, թե քանակն ինչպես փոխվեց որակի, այսինքն՝ Իրանի ռազմավարությունը հընթացս արդարացրեց իրեն։ Նույնիսկ նրա ոչ համաչափ հակազդող քայլերը վկայում են այդ մասին։ Իրանը կիրառում է նոր տեսակի հրթիռներ, որոնք կարող են շատ արդյունավետորեն հասնել նպատակակետին՝ ճեղքելով հակառակորդի ՀՕՊ համակարգերը։ Հասկանալի է, որ առնվազն այսօր էսկալացիայի ռիսկն ավելի բարձր է, քան որևէ համաձայնագրի ստորագրումը, և դրա համար կան ցուցիչներ։ ԱՄՆ-ն նոր կործանիչների խմբաքանակ է ուղարկում Մերձավոր Արևելք, իսկ Իրանն իր հերթին պատրաստ է շարունակել անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածները՝ ընդլայնելով թիրախների աշխարհագրությունը։ ԱՄՆ-ն փորձում է պատերազմից դուրս գալու ելքեր գտնել, մինչդեռ Իրանը պահանջում է անվտանգային ամուր երաշխիքներ, իսկ Իսրայելն էլ նպատակ ունի շարունակաբար էսկալացնել իրավիճակը։ Անկախ ամեն ինչից՝ պատերազմի ավարտը Պարսից ծոցի տարածաշրջանում կհանգեցնի աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության՝ կամ ԱՄՆ-ի, կամ Իրանի, կամ էլ արաբական երկրների դոմինանտությամբ»,- եզրափակեց Մելքոնյանը։