Քաղաքականություն

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես  եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում

Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի  նախագահ Վահագն Խաչատուրյանը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Իր խոսքում ՀՀ նախագահն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումներին, դրանց ազդեցությանը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի վրա, ինչպես նաև առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղություններին։

Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով իրավական պետության, ժողովրդավարական կառավարման համակարգի ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին, տնտեսական դիմակայունության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու զարգացման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս համատեքստում կարևորվել է տնտեսական զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման փոխկապակցվածությունը։

Նախագահ Խաչատուրյանը խոսել է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի տեսլականի ու իրականացվող քայլերի մասին՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման, փոխադարձ վստահության ձևավորման և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Չեխիայի Հանրապետության հետ հարաբերությունների խորացման և համագործակցության նոր ոլորտների ձևավորման կարևորությունը։

Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պատասխանել է համալսարանի դասախոսների և ուսանողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների, տնտեսական ու ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ նրանց հետաքրքրող հարցերին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում