ՆԳ փոխնախարարը կարծում է, որ հասարակությունը երբեմն շատ դժվար է հասնում կոնսենսուսի, և դա ոչ միայն պետապարատի, այլև հանրային միջավայրի խնդիրն է
5 րոպեի ընթերցում

Ոլորտային ռազմավարությունները կենսական նպատակների մասին են, իսկ ամենաբարդ պրոցեսը պետական ապարատում և ընդհանրապես ժողովրդավարական համակարգերում հենց նպատակների սահմանումն է որոշակի կոնսենսուսով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ երևանյան միջազգային համաժողովի պանելային քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
«Ունենք դեպքեր, երբ ռազմավարություններն, իսկապես մնում են թղթի վրա և լավը չեն։ Մարդիկ երբեմն ելնում են այն կանխավարկածից, որ գրել են շատ լավ ոլորտային ռազմավարություններ, համոզված են, որ թղթի վրա ամեն ինչ ճիշտ է, բայց հետո չեն կարողանում ռազմավարություններն իմպլեմենտացնել առօրյա կյանքում։ Ամենակարևոր հարցադրումն այն է, որ մեր պետական ապարատը շատ դժվարությամբ է սահմանում նպատակներ։ Շատ հաճախ ռազմավարությունները գրվում էին՝ նկարագրելով լոկ գործընթացներ, սակայն այդպես չպետք է լինի»,- ասաց Ղազարյանը։
Նրա դիտարկմամբ՝ մենք ունենք նաև բարձր մակարդակի ներքին կոնֆլիկտայնություն ցանկացած հարցի շուրջ։
«Դա ինչ-որ առումով նաև դրական է, որովհետև վկայում է ժողովրդավարության, բազմակարծության մասին, սակայն որքան մեծ է բազմակարծությունը, այնքան գործընթացներն ավելի դժվար են առաջ շարժվում։ Մենք այժմ ունենք կայունության և դինամիկայի միջև դիխոտոմիա, որը պետք է ինչ-որ կերպ հաղթահարել։ Իսկ ինչու՞ որոշ դեպքերում պատշաճ կերպով չեն իմպլեմենտացվում լավ գրված ռազմավարությունները, որովհետև դրա պատճառը տրիվիալ կարողություններն են։ Մենք պետական ապարատում ունենք թույլ կարողություններ՝ ռազմավարություններն իմպլեմենտացնելու, այն դեպքում, երբ դրանք իսկապես լավն են, հետևաբար խնդիրը կապված է կրթության և ունակությունների հետ»,- նշեց Ղազարյանը։
Ըստ նրա՝ մյուս գործոնն այն է, որ շատ հաճախ հաշվի չի առնվում պետական ապարատի իներցիան, մինչդեռ նրա գնահատմամբ՝ դա շատ կարևոր ուժ է։
«Երբ մարդը տարիներ շարունակ կատարում է նույն գործողությունը, դա դառնում է ինստիտուտ, այսինքն՝ կրկնվող վարք։ Երբ ասում ենք, որ 30 տարվա վարքագիծը պետք է փոխվի, ապա պետական ապարատը շատ դժվար է ադապտացվում։ Դրա համար առնվազն պետք է նպատակ ունենանք ռազմավարություններում սահմանված լավ նպատակները վերածել պետական ապարատի իներցիայի։ Երբ մեր ռազմավարական նպատակները դառնան պետական համակարգի իներցիոն գործընթացների մաս, ապա կարծում եմ, որ այդ իմպլեմենտացիոն բացն իսկապես կլրացվի»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալը։
Ղազարյանի բնորոշմամբ՝ ամենաբարդը թերևս այն է, երբ փորձում են համոզել մարդկանց, որ արդիականացումը լավ երևույթ է։
«Սովորաբար մեր ռեֆորմներն այն մասին են, որ հնում մնացած համակարգերը պետք է թարմացվեն։ Իրականում մենք անցյալի հաղթահարման մեջ ենք, ոչ թե դեպի ապագան գնալու մեջ։ Այն գործիքակազմերը, որոնք այսօր ներդնում ենք, արխայիզացիայի հաղթահարման էլեմենտներ են։ Մենք շատ դեպքերում խորն արխայիկայի մեջ ենք։ Առնվազն բոլոր ռեֆորմները, որոնք նախաձեռնել ենք ՆԳ նախարարությունում, միտված են ժամանակակից չափորոշիչներին հասնելուն։ Հանրությունն արդեն իսկ կիրառում է տեխնոլոգիաներ, որոնք չեն կիրառվում պետական համակարգում։ Հանրությունն ունի մտածողության ձևեր, որոնք նույնպես բացակայում են պետական ապարատում։ Մեր գործն արդիականությունը դեպի պետական կառավարման համակարգ բերելն է»,- մանրամասնեց Ղազարյանը։
Նա հավելեց, որ արդիականություն բերելու առումով սովորաբար պետական ապարատում հենվում են ինչ-որ խումբ մարդկանց վրա, սակայն դա չի տարածվում ամբողջ ապարատի ներսում, քանի որ պետական ապարատը չի ստանձնում սեփականության զգացումը, և շատ հաճախ վերոհիշյալ մարդկանց առանձին խմբերը մնում են որպես կղզյակներ ամբողջ պետական ապարատում։
«Սա էլ է կրթության հարց։ Պետք է փորձենք այդտեղ էլ հասնել դրական տեղաշարժերի»,- եզրափակեց ՆԳ նախարարի տեղակալը։