Փաշինյանը կարևորել է ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը առաջիկա տարիներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության հաջորդ հնգամյա գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետությունում մոտ 200 հազար անմշակ գյուղատնտեսական հողատարածքների օգտագործման հնարավորությանը։

«Ինչպես նախորդող շրջանում մեր ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրեցինք: Հաջորդ հինգ տարիներին մեր կարևոր առաջնահերթությունը պետք է լինի ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը»,-ընդգծել է նա։

Անդրադառնալով անմշակ հողերի հարցին՝ Փաշինյանը կարևորել է ջրի հասանելիության ապահովումը և դրա հետ հարաբերվելու համապատասխան մշակույթի ձևավորումը։

Վարչապետի համոզմամբ՝ հանրապետության որոշ բարձրադիր գոտիներում հնարավոր է  բարձր եկամտաբերություն ունեցող ինտենսիվ այգիներ հիմնել, ինչը, սակայն, հնարավոր կլինի ապահովել համապատասխան ոռոգման տեխնոլոգիաների կիրառմամբ։

Հայերեն العربية English Русский