ՀՀ–ում անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության ընթացքում մարզումները կանցկացվեն Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրում
1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թվականին առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության ընթացքում մասնակից մարզիկներն իրենց մարզումները կանցկացնեն միջազգային չափանիշներով կառուցվող Ալբերտ Ազարյանի անվան մարզահամալիրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում։
Նիստի ընթացքում ընդգծվեց, որ մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը: Մարզահամալիրի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքները, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը 0-ից բարձր նիշում կատարված է միջինը 70-80 տոկոսով։
Միջազգային չափանիշներով կառուցվող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար:
«Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ»,– նշվեց նիստի ընթացքում։