Մշակույթ

Էդուարդ Թոփչյանն ու Դմիտրի Մասլեևը մեծ հաջողությամբ են հանդես եկել Նյուրնբերգում

5 րոպեի ընթերցում

Էդուարդ Թոփչյանն ու Դմիտրի Մասլեևը մեծ հաջողությամբ են հանդես եկել Նյուրնբերգում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը փետրվարի 8-ին համերգով հանդես է եկել լեգենդար Meistersingerhalle դահլիճում՝ ղեկավարելով Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյի ծրագիրը կառուցված է եղել հակադրությունների վրա՝ Մոցարտի կենսուրախ, փայլատակող երաժշտությունից մինչև Ռախմանինովի մոնումենտալ ռոմանտիզմ և Ռիմսկի-Կորսակովի արևելյան շքեղություն: Համերգը մեկնարկել է Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայի նախերգանքով։ Երաժշտությանն արևելյան երանգ հաղորդելու համար Մոցարտը ներմուծել է այն ժամանակ էկզոտիկ համարվող գործիքներ՝ բաս-թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի։ Դրանց սուր, «ենիչերական» հնչողությունը երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ աշխուժություն։ Նյուրնբերգյան համերգի համատեքստում նախերգանքն իդեալական «ապերիտիվ» է եղել, որը հնարավորություն է տվել ցուցադրել նվագախմբի ճկունությունն ու Մոցարտի նրբագեղ դինամիկայի հետ աշխատելու Թոփչյանի վարպետությունը:

Նախերգանքից հետ հնչած Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, ռուս վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Մասլեևի կատարմամբ, ոչ միայն երաժշտական ​​գլուխգործոց է, այլև վերածննդի խորհրդանիշ։ Գրված լինելով դարասկզբին (1900–1901)՝ այն դարձել է ռուսական դասական երաժշտության խորհրդանիշերից մեկն ամբողջ աշխարհում։ Nürnberger Nachrichten թերթում Ռեյնհարդ Կալբը գրում է. «Ռախմանինովի կոնցերտների և սիմֆոնիաների խնդիրը նրանում է, որ 1940-1950-ական թվականների մի շարք հոլիվուդյան կոմպոզիտորներ մեծապես փոխառել են նրա երաժշտական ​​լեզուն, մինչև այն աստիճանի, որ բնօրինակն այժմ հնչում է որպես ֆիլմի սաունդթրեք։ Այնքան էլ հեշտ չէ ազատվել հին, սենտիմենտալ բալլադների պատկերներից ու հիշողություններից և պարզապես թույլ տալ, որ երաժշտությունը կլանի ձեզ, հատկապես, որ էլեգիական մեղեդիները որոշ դիրիժորների և նվագախմբերի գայթակղում են տրվել ավելորդ քաղցրահունչ մեկնաբանությանը։ Այստեղ անհրաժեշտ է կարգապահ ձեռք: Էդուարդ Թոփչյանը պահպանում է անհրաժեշտ դիրիժորական խիստ ոճը և հաստատակամորեն հետ է պահում Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախմբին մելամաղձության գիրկն ընկնելու գայթակղությունից: Մասլեևը, իր հերթին, գիտի, թե ինչպես էմոցիոնալ լարվածությունը զարգացնելով հասցնել գագաթնակետին և ամբողջությամբ բացահայտել դաշնամուրային նվագաբաժնի ուշ ռոմանտիկական ժամանակաշրջանի քնարականությունը» (Nürnberger Nachrichten, 09.02.2026):

Համերգի երկրորդ բաժնում հնչել է Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, որտեղ նվագախումբը վերածվում է «Հազար ու մեկ գիշերվա» պատմությունները պատմող հեքիաթասացի: Սյուիտը համերգի հրաշալի եզրափակում է եղել՝ նվագախմբի երաժիշտներին հնարավորություն տալով ցուցադրել իրենց մենակատարային վարպետությունը։

Համերգին ներկա է եղել օպերային երգչուհի, գերմանաբնակ մեր հայրենակից Հրաչուհի Բասենցը։ Նյուրնբերգը վաղուց արդեն նրա երկրորդ տունն է դարձել, որտեղ Բասենցը բազմիցս հանդես է եկել բոլոր կարևորագույն դահլիճներում, այդ թվում Meistersingerhalle-ում:

Բասենցը նշել է.  «Այս դահլիճը հարուստ պատմություն ունի, որը կերտել են այստեղ ելույթ ունեցած լեգենդար արտիստներն ու նվագախմբերը, ինչպիսիք են Վիեննայի սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի շտատսկապելլան, Լայպցիգի Գևանդհաուզը, Բեռլինի ֆիլհարմոնիկը և ուրիշներ: Այստեղ հանդես են եկել մաեստրոներ Հերբերտ Ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտտին, Զուբին Մեհտան, Կուրտ Մազուրը, լեգենդար Պավարոտտի, Դոմինգո, Կարերաս եռյակը, Ֆիշեռ Դիսկաուն, Ջեսսի Նորմանը, կենդանի լեգենդներ Բարեմբոյմն ու Մարթա Արգերիխը, Իցհակ Պեռլմանն ու Ռոստրոպովիչը: Բնականաբար, այս ամենի գիտակցումը համերգի ժամանակ ավելացնում էր իմ հուզմունքն ու սպասումները որպես հայ, որպես երաժիշտ և, այս անգամ, որպես ունկնդիր: Վերջին անգամ հպարտության խորը զգացում էի ապրել, երբ Սերգեյ Խաչատրյանն էր այս բեմում ելույթ ունենում: Աննկարագրելի մեծ հուզմունքով ու սրտատրոփ սպասումով էի համակվել մաեստրո Էդուարդ Թոփչյանի բեմելից առաջ: Անչափ հպարտ էի, որ այդ անունների կողքին այսուհետ հնչելու է նաև մեր մաեստրոյի անունը և, որ ամենակարևորն է, ինձ համար պատմության մեջ կմնա իր յուրահատուկ, խորը, ինտելեկտուալ մեկնաբանմամբ»։

Երգչուհու խոսքով՝ Թոփչյանի և նվագախմբի համագործակցությունը  հաջողված էր, քանի որ շատ կարճ ժամանակում մաեստրոյին հաջողվել է իր ձեռագիրը հաղորդել նվագախմբին՝ երաժշտական հատվածների  հատուկ կոնտրաստայնությամբ, դինամիկ մեծ գունապնակով և ուրույն մտածողությամբ, մենանվագներ կատարողներին տրամադրած ազատությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում