Գիտություն

Այս տարվա արեգակնային խավարումները տեսանելի չեն լինի Հայաստանից, կդիտվեն միայն լուսնայինները և աստղաթափերը. Արեգ Միքայելյան

8 րոպեի ընթերցում

Այս տարվա արեգակնային խավարումները տեսանելի չեն լինի Հայաստանից, կդիտվեն միայն լուսնայինները և աստղաթափերը. Արեգ Միքայելյան

Տիեզերքում տեղի ունենալիք որոշ երևույթների 2026 թվականին հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից: Սակայն մեզ համար նկատելի չի լինի, օրինակ, Արևի ամբողջական խավարումը: Ի՞նչ կարող ենք այս տարի տեսնել`մեր հայացքը դեպի երկինք ուղղելիս: Այս և այլ հարցերի մասին է «Արմենպրես»-ի հարցազրույցը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ:

- Ո՞րն եք համարում 2025 թվականին Բյուրականի աստղադիտարանի գիտնականների կատարած ամենանշանակալի հետազոտությունը կամ հայտնագործությունը: Նմանապես ո՞րն էր, ըստ Ձեզ, աշխարհում ամենանշանակալի աստղագիտական իրադարձությունը նախորդ տարի:

- Լավ աշխատանքներ շատ ունենք, հայտնաբերել և հայտնաբերում ենք բազմաթիվ տիեզերական նոր օբյեկտներ: Սակայն կուզենայի առանձնացնել հատկապես մեր գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի աշխատությունը, որն արժանացավ բարձր գնահատականի և մեծ արձագանք ստացավ գիտական շրջանակներում: Հեղինակը սահմանել և հաշվարկել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես փոքր է մնում «վակուումում լույսի տարածման» արագությունից: Այսպիսով, Գագիկ Տեր-Ղազարյանը, դրսևորելով հատուկ մոտեցում, ստեղծել է իր տեսությունը և լուծել Էյնշտեյնի «Հարաբերականության տեսության» մի կարևորագույն խնդիր, որի լուծումը 1915 թվականից մինչև անցյալ տարի չէր հաջողվում գտնել: Գագիկ Տեր-Ղազարյանի ներկայացրած համակարգում բոլոր արագություններն արդեն տեղավորվում են լույսի արագության ավելի ցածր տիրույթում:

Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, ապա շատ եմ կարևորում Եվրոպական տիեզերական գործակալության Gaia տիեզերական դիտակի հաղորդած տվյալները, որոնք առավել մանրակրկիտ են ներկայացնում մեր գալակտիկայի պատկերը: Կան ևս մի քանի նշանակալի աշխատանքներ, բայց առավել տարածվածները հիմնականում առնչվում են մեծ տվյալների բազաներին:

- Վերջին շրջանում հաճախակի են հայտնվում Արեգակի վրա բարձրագույն կարգի բռնկումների մասին տեղեկություններ: Արևի նման ակտիվությունը սովորակա՞ն երևույթ է: Եթե ոչ՝ ինչո՞վ կարող է պայմանավորված լինել ու ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր մոլորակի վրա:

- Արեգակի վրա միշտ են լինում բռնկումներ: Այս աստղն ունի ակտիվության որոշակի ցիկլ, որի հերթական բարձրակետը 2025 թվականին էր: Դրանով են պայմանավորված ուժեղ բռնկումները: Առաջիկա մոտավորապես 5.5 տարիներին ակտիվությունը հետզհետե կնվազի՝ հասնելով նվազագույն մակարդակի, որից հետո կսկսվի աճի հաջորդ փուլը:

Արեգակի առավելագույն ակտիվության փուլում առաջացող ուժեղ երկրամագնիսական փոթորիկները կարող են ոչ միայն վնասել տարբեր ենթակառուցվածքներ, այլև անդրադառնալ մարդկանց ինքնազգացողության վրա: Դրանց հանդեպ զգայուն են հատկապես սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ: Կարող են շատանալ սրտի կաթվածների, անգամ, մահացության դեպքերը:

Բարեբախտաբար, Արեգակը փոփոխական վարքագիծ դրսևորող աստղ չէ՝ չի ունենում ճառագայթման մակարդակի պարբերական փոփոխություններ: Եթե Արեգակն էլ լիներ փոփոխական աստղ, ապա այդպիսի տատանումների պայմաններում Երկրի վրա կյանք չէր կարող լինել, որովհետև լուսատուի պայծառության կտրուկ աճը կհանգեցներ Երկրի վրա օդի ջերմաստիճանի և մյուս բոլոր ցուցանիշների փոփոխության: Այնպես որ, այս բռնկումների ուժը շատ չնչին է՝ Երկրի վրա գլոբալ փոփոխություններ չի առաջացնում:

- 2026 թվականին սպասվում է Արևի և Լուսնի երկուական խավարում: Ընդ որում, մարտի 3-ին լինելու է Լուսնի, իսկ օգոստոսի 12-ին՝ Արևի ամբողջական խավարում: Մեկ տարվա ընթացքում այդքան շատ խավարումներ հաճա՞խ են լինում: Դրանցից որո՞նց հնարավոր կլինի հետևել Հայաստանի տարածքից:

- Խավարումները սովորական երկրաչափական երևույթներ են՝ կապված Լուսնի, Երկրի և Արեգակի զբաղեցրած դիրքի հետ: Որոշ մարդիկ ունենում են խավարումների հետ կապված տագնապներ կամ փորձում են դրանցով պայմանավորել տարբեր իրադարձություններ: Այդ ամենն, իհարկե, անհիմն է:

Մեկ տարվա ընթացքում խավարումների նման հաճախականությունն էլ արտառոց չէ: Սովորաբար, լինում է Լուսնի և Արեգակի երկուական խավարում: Որոշ տարիների կարող է լինել նաև դրանից ավելին:

Արդեն փետրվարի 17-ին տեղի է ունենալու Արեգակի շրջանաձև խավարում: Մարտի 3-ին սպասվում է Լուսնի ամբողջական, իսկ օգոստոսի 28-ին՝ մասնակի խավարում: Օգոստոսի 12-ին էլ, ինչպես նշեցիք, տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում:

Հայաստանի տարածքից այս տարի նկատելի կլինեն միայն Լուսնի խավարումները: Արևի խավարումները սովորաբար տեսանելի են լինում Երկրի սակավաթիվ վայրերում: Վիճակագրության համաձայն՝ կոնկրետ աշխարհագրական վայրում Արևի ամբողջական խավարումը հնարավոր է դիտել միջինում 200-300 տարին մեկ (Խմբ․՝ ըստ www. timeanddate.com մասնագիտացված կայքի՝ արեգակնային ամբողջական խավարմանը Հայաստանից հնարավոր կլինի հետևել միայն 2060 թվականի ապրիլի 30-ին): 

Ի դեպ, օգոստոսի 12-ին Լուսնի խավարումը գործնականում իդեալական պայմաններ կստեղծի Պերսեիդների աստղաթափին կամ ասուպային հոսքին հետևելու համար: Ուժեղներից է նաև սովորաբար նոյեմբերի 17-ին տեղի ունեցող Լեոնիդների աստղաթափը: Ընդհանրապես, տարվա ընթացքում տեղի է ունենում մոտ 25 աստղաթափ:

- Փետրվարի վերջին երեկոյան երկնքում տեսանելի կլինեն միանգամից 6 մոլորակներ: Արդյո՞ք դա հազվագյուտ կամ արտառոց երևույթ է, կարո՞ղ է ազդեցություն ունենալ մարդկանց ինքնազգացողության, Երկրագնդի ենթակառուցվածքների կամ արհեստական արբանյակների վրա:

- Դա բավականին հազվադեպ նկատվող երևույթ է: Փետրվարի 28-ին սպասվում է այսպես կոչված մոլորակների շքերթ, բայց դա լինելու է փոքր շքերթ՝ միայն 4 մոլորակներ են մոտ լինելու միմյանց: Մյուս երկուսը նույնպես երևալու են երկնքում, սակայն հաջորդաբար շարվելու են 4-ը: Մոլորակները Արևի շուրջ պտտվում են տարբեր պարբերականությամբ, ըստ այդմ՝ հազվադեպ են իրար կողքի հայտնվում երկնքի որոշակի հատվածում: Օրինակ, վերջերս Լուսնին մոտ էր դիտվում Յուպիտերը: Այս ամենը հիմնականում գեղեցիկ, գրավիչ տեսարան է: Մարդկանց վրա մոլորակների ազդեցությունը բավականին թույլ է:

- Վերջերս լուրջ քննարկում էր ծավալվել 3I/ATLAS միջաստղային օբյեկտի վերաբերյալ: Ձեր կարծիքով, դա տիեզերական ի՞նչ մարմին է, ինչո՞վ են պայմանավորված դրա անոմալիաները՝ կապված նրա շուրջ փոշու և գազի ամպի փոփոխության, ինչպես նաև Արևին մոտակա կետով անցնելիս լուսապսակի լուսարձակման փոփոխության հետ:

- Գիտնականները տևական ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե տիեզերական ինչ մարմին է դա: Սկզբում շրջանառվում էր աստղային այլ համակարգից ներթափանցած գիսավոր լինելու տարբերակը (նման օբյեկտներ հազվադեպ է հաջողվում դիտել): Անգամ կասկածներ կային, որ կարող է արհեստական մարմին լինել: Հետագա ուսումնասիրությունների արդյունքում դա հերքվեց: Պարզվեց՝ սովորական տիեզերական մարմին է, որն առանձնապես վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար: Ինչ վերաբերում է անոմալիաներին, ապա տիեզերական օբյեկտներն, ամեն դեպքում, ունենում են տարբեր քիմիական կազմ: Ստանդարտներից յուրաքանչյուր շեղում միանգամից առաջացնում է գիտնականների հետաքրքրությունը, ուստի շատ հարցերի պատասխաններ, հավանաբար, կտան հետագա ուսումնասիրությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում