Եվրոպան պետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի մի մասը. Մակրոն
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպայի երկրները պետք է լիովին ներգրավված լինեն ռուս-ուկաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է X սոցիալական հարթակի իր էջում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
«Մենք քննարկել ենք անցյալ շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը։ Մենք համաձայնել ենք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն այն քննարկումներում, որոնք իրենց են վերաբերում», - գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ Զելենսկու հետ զրույցում ընդգծել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Կիևին «այնքան, որքան պահանջվի»։
Բացի այդ, Մակրոնը դատապարտել է հունվարի 28-ին Խարկովի մարզում ՌԴ-ի կողմից ուղևորատար գնացքի վրա հարձակումը, ինչպես նաև Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները՝ խոստանալով գեներատորներ ուղարկել Ուկրաինա, ինչպես պայմանավորվել են G7-ի հանդիպման ժամանակ։
Նա շեշտել է՝ Ֆրանսիան կշարունակի աշխատել եվրոպական մակարդակով նոր հակառուսական պատժամիջոցների վրա՝ ՌԴ «ստվերային նավատորմին հակազդելու համար»: