4 րոպեի ընթերցում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-ից 18 տարեկան երեխաները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը նշեց, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են մեկ ու երեք անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ երկու անգամ։ Արձանագրված դեպքերի 92,8 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները։
Մասնագետը նշեց, որ ներկայում հիմնականում շրջանառվում են գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։
Համաճարակաբանական դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին երկու շաբաթների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Սակայն, ըստ մասնագետի, սա չի նշանակում, որ այն չի շրջանառվում։
«Նախորդ շաբաթների ընթացքում ունեցել ենք նաև այլ հարուցիչների շրջանառություն․ նախորդ շաբաթվա ընթացքում, գրիպի H3N2 ենթատեսակից բացի, շրջանառվել են նաև ռինովիրուսը և ադենովիրուսը»,- նշեց Հովհաննիսյանը։
2026 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում թոքաբորբով պայմանավորված հանրապետությունում հոսպիտալացվել է 334 պացիենտ։
Անդրադառնալով ախտանիշներին՝ մասնագետները նշում են, որ սուր շնչառական վարակների դեպքում ախտանշանները հիմնականում նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն ընդգծեց, որ միայն կլինիկական երևույթներով հնարավոր չէ տարբերակել՝ գործ ունեն գրիպի վիրուսի, թե այլ սուր շնչառական վարակի հետ, օրինակ՝ ադենովիրուսի, ռինովիրուսի կամ բոկավիրուսի։
«Այստեղ շատ կարևոր է լաբորատոր հետազոտությունների իրականացումը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, այս սեզոնին գերակշռում է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։ Սա նշանակում է, որ հենց պատվաստումներով է հնարավոր կանխարգելել գրիպի ծանր ձևերի առաջացումը, քանի որ պատվաստանյութի բաղադրության մեջ առկա է նաև այս ենթատեսակը։ Գրիպի քառավալենտ պատվաստանյութն իր բաղադրության մեջ ունի երկու A ենթատեսակ՝ H3N2-ը և H1N1-ը, ինչպես նաև երկու B ենթատեսակ։ Պատվաստվելով հնարավոր է կանխել այս սեզոնին առավել հաճախ շրջանառվող հիվանդության առաջացումը»,– նշեց իմունականխարգելման վարչության պետը։
Սվետլանա Գրիգորյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սուր շնչառական վարակների կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդը պատվաստումն է, որը դեռ սեպտեմբերին՝ սեզոնի մեկնարկին, հասանելի է եղել։
Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում՝ վեց ամսականից հինգ տարեկան երեխաների, հղիների, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց, 65 տարեկանից բարձր անձանց, բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուների և այդ կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև զինծառայողների համար։