Հայաստան

ՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի հանգամանքները պարզելու համար

2 րոպեի ընթերցում

ՀԷՑ-ում ստեղծվել են հանձնաժողովներ «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած վթարի հանգամանքները պարզելու համար

«Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած խոշորամասշտաբ վթարի հետևանքով առանց հոսանքի մնացած բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «ՀԷՑ» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այսօր՝ կեսգիշերն անց, սկսած 02:00-ից հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները»,-գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ իր կարգադրությամբ ՀԷՑ-ում ձևավորվել է երկու առանձին հանձնաժողով՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինությունում և Տեխնիկական տնօրինությունում։ Հանձնաժողովները, իրարից անկախ ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, իրականացնում են ներքին հետաքննություն՝ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ կարգավորելու նպատակով։

Նրա խոսքով՝ զուգահեռաբար ստուգողական և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։

«Կրկին անգամ հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։

Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար»,-գրել է Պետրոսյանը։

Ռոմանոս Պետրոսյանը նաև հայտնել է, որ նախատոնական և տոնական օրերին ՀԷՑ-ում սահմանվել է 24-ժամյա ուժեղացված հերթապահություն Երևանի բոլոր շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի էլեկտրացանցերում՝ քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները՝ բացառությամբ վթարային անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում