Հայաստան

Իրականացվող բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Իրականացվող բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկա է գտնվել համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Համագործակցության հուշագիրը ստորագրել են ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ազդարարելով ARTEMIS նախագծի մեկնարկի մասին։ Վերջինս ուղղված է ընտրական համակարգի թափանցիկ և ներառական կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը: 

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին՝ ընտրական գործընթացների ուղղությամբ շարունակական գործունեություն իրականացնելու և գործընթացները լավարկելու համար: «Հայաստանի ընտրական վերջին գործընթացները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի այդ ընտրությունները լինեն ամենաթափանցիկ և ամենաարդար, և մենք դա գործով ապացուցել ենք սկսած 2018 թվականից»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ այդ նպատակով իրականացվել են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ֆինանսական վերահսկողության բարձրացմանը: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, համակարգային բարեփոխումներ են իրականացվել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման և ուժեղացման համար, ինչպես նաև պետական կառավարման և վերահսկողության մարմինների ընդհանուր կարողությունների զարգացման ուղղությամբ։ 

Արայիկ Հարությունյանը բարեփոխումների  կարևոր բաղադրիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարողությունների նպատակային ամրապնդումը, այդ թվում՝  մասնագիտական կարողությունների զարգացումը, տեխնիկական հագեցվածության բարելավումը, թվային և վերլուծական գործիքների կիրառումը, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներառումը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի դիտարկմամբ՝ բոլոր այս քայլերն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը դրանց նկատմամբ։ 

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են  նաև ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդերշտրամը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Կատրին Բուտեր-Պելցը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, IFES-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժերոմ Լեյրոն և այլ հյուրեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում