Սպորտ

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

3 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ գալիք աշխարհի առաջնությունով մեկնարկ է տրվում Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլին:

«Ըստ էության, օլիմպիական փուլը սկսված է: Եվ յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար: Մեր մարզիկների առաջ խնդիր է դրված լավ մասնակցելու առաջիկա աշխարհի առաջնությանը, որ լավ սկսենք առաջիկա երկու տարիների շրջափուլը: Առնվազն նախորդ տարիների արդյունքներից ավելի լավ արդյունք ցույց տանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի բաց մարզման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ յուրաքանչյուր մարզիկ պետք է մոտիվացված լինի, եթե գնում է աշխարհի առաջնության, պետք է ձգտի լավագույն արդյունքի։

«Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է Երևանում, և դրան հաջորդելու են Օլիմպիական խաղերը։ Ես կարծում եմ, որ մենք մեր բոլոր պլանները կառուցելիս այս երկու հանգրվաններին ճիշտ հասնելու և պատշաճ պատրաստությամբ հասնելու խնդիր պետք է դնենք։ Եվ նաև մարզիչները պետք է կողմնորոշվեն յուրաքանչյուր հաջորդ մրցափուլում՝ ինչպես պիտի պատրաստվեն, որպեսզի և՛ Երևանում շատ լավ հանդես գանք, և՛, իհարկե, առավելագույն ուղեգրեր ապահովենք Օլիմպիական խաղերի համար և լավագույնս նախապատրաստված մոտենանք 2028 թ. Օլիմպիական խաղերին»,- հավելեց Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ նաև ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ ընդունելի չէ այն խառնաշփոթ իրավիճակը, որը կա ՀԱՕԿ-ում:

«Այո, արդեն նախապատրաստվում ենք Օլիմպիական խաղերին, և Օլիմպիական կոմիտեն էլ պետք է պատշաճ մարզավիճակում լինի: Պետք է այնտեղ գործողություններ իրականացվեն, որոնք պատշաճ իրավիճակի կբերեն: Կուզեմ, որ ամեն ինչ կարգավորվի ՀԱՕԿ-ի շուրջ»,- եզրափակեց Հարությունյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հանդես կգան՝ 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյանը, 75 կգ՝ Գոռ Սահակյանը, Տիգրան Կարապետյանը, 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Մարտին Պողոսյանը, 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյանը, 110 կգ՝ Գարիկ Կարապետյանը, +110 կգ՝ Վարազդատ Լալայանը, 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ՝ Ալինա Սուքիասյանը, 86 կգ՝ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը։ Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում