Բուդապեշտը ձգտում է բալանսավորված հարաբերություններ ունենալ Երևանի ու Բաքվի հետ. հունգարացի փորձագետ

7 րոպեի ընթերցում

Հունգարիայի միջազգային հարաբերությունների համալսարանի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցի բնորոշմամբ՝ Բուդապեշտի առաջնային նպատակը Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն ու խաղաղ զարգացումն տեսնելն է, և դրան հասնելու համար Հունգարիան ձգտում է հավասարակշռված հարաբերություններ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ 

Այս մասին Կրանիցը նշել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող ներկա իրադրությանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններին, ինչպես նաև Երևանի ու Բուդապեշտի միջև հարաբերությունների ներկա մակարդակին և կապերի զարգացման հետագա հեռանկարներին։  

«Հունգարիայի առաջնային և ամենակարևոր նպատակը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը, խաղաղությունն ու խաղաղ զարգացումն են։ Հունգարիայի դիրքորոշումն է չափազանց հավասարակշռված հարաբերություններ ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ Օրինակ, Հունգարիան վետո է դրել Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու  վրա՝ այն հիմքով, որ նույն գումարը պետք է փոխանցվի նաև Ադրբեջանում իրականացվող ականազերծման գործողություններին, որովհետև, ինչպես հավանաբար գիտեք, Ադրբեջանն այժմ՝ հիմնականում սկսած 2020 թվականից, բայց հատկապես 2023 թվականից, մերժում է խաղաղության գործընթացին Եվրոպայի ցանկացած մասնակցություն։ Սա այն պատճառով է, որ Բաքուն տարածաշրջանում Եվրոպայի ներգրավվածությունը ընկալում է որպես «չափազանց հայամետ»»,-ասել է հունգարացի փորձագետը։ 

Վերջինիս բնորոշմամբ՝ եթե Եվրամիությունը կարողանա Հարավային Կովկասում հաստատել հավասարակշռված մոտեցում, ապա կարող է վերստին հայտնվել և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում՝ որպես եթե ոչ միջնորդ, ապա որպես լուրջ ներդրումներ կատարող և շահագրգռված խաղացող, որը կարող է ինչ-որ կերպ ազդել տեղական և տարածաշրջանային զարգացումների վրա։ 

Հունգարացի փորձագետը, խոսելով Երևանի ու Բուդապեշտի միջև քաղաքական երկխոսության ներկա մակարդակի մասին, կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում զարգացման լուրջ հեռանկարներ կան։ 

«Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերություններում, ցավալիորեն, մենք ունեցանք դադարի մի ժամանակահատված (խմբ․՝ Երևանը կասեցրել էր Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները 2012 թվականին, երբ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որին Բաքվում անմիջապես ներում էր շնորհվել), երբ մենք դիվանագիտական ​​հարաբերություններ չունեինք։ Ինչպես գիտեք, այդ հարաբերությունները վերականգնվեցին 2022 թվականին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի նախաձեռնության շնորհիվ»,-հիշեցրել է փորձագետը։ 

Նրա բնորոշմամբ՝ այն փաստը, որ երկու պետությունները ավելի քան 10 տարի դիվանագիտական ​​հարաբերություններ չեն ունեցել նշանակում է, որ երկկողմ կապերի զարգացման հսկայական բաց և վակուում կա։ 

«Գործնականում հայ-հունգարական երկկողմ հարաբերությունները Հունգարիայի ամենադինամիկ զարգացող արտաքին հարաբերություններից են, պարզապես այն պատճառով, որ մենք նախկինում ունեցել ենք վիճելի, հակասական հարաբերություններ։ Հիմա ևս, իհարկե, կան որոշ հարցեր, որոնք կարող են որոշակի բանավեճերի և երկխոսության առիթներ ստեղծել, սակայն, այդուհանդերձ, այժմ մեր երկրների միջև հարաբերությունները շատ ավելի լավ են»,-ասել է Պետեր Կրանիցը: 

Որպես նման բանավեճերի հիմք՝ փորձագետը մի քանի հանգամանքներ է ներկայացրել՝ մասնավորապես մատնանշելով Հունգարիայի ջերմ հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ 

«Հունգարիան, ինչպես գիտեք, Թյուրքական պետությունների կազմակերպության դիտորդ պետություն է: Բուդապեշտը ռազմավարական գործընկերություն ունի և՛ Անկարայի, և՛ Բաքվի հետ: Այսպիսով, Եվրամիության շրջանակներում կարող եմ հեշտությամբ ասել, որ Հունգարիան Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ամենաուժեղ և ամենակարևոր գործընկերն է: Եվ Հունգարիան շատ ներդրումներ է կատարել տարածաշրջանում․ Հունգարիան Ադրբեջանում երրորդ խոշորագույն ներդրողն է: Մենք ներդրումներ ենք կատարել նավթահանքերում, նավթատարում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարում: Հունգարական ընկերություններն այս ոլորտում խոշորագույն շահագրգիռ կողմերից են: Հունգարիան ներդրումներ է կատարել Ադրբեջանի «Շահդենիզ» գազի հանքավայրում։ Հունգարական «Վիզ Էյր» ավիաընկերությունը շուկայի առաջատարն է տարածաշրջանում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Մենք ունենք դեղագործական ընկերությունների մեծ մասնաբաժին, ինչպիսին է «Գեդեոն Ռիխտեր» դեղատների ցանցն ու օնլայն դեղատունը։ Այսպիսով, Հունգարիան շատ ներդրումներ և մեծ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-մանրամասնել է Պետեր Կրանիցը։

Եվրոպական միության Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու մասին որոշման՝ Բուդապեշտի կողմից արգելափակելու մասին թեմային վերջին անգամ անդրադարձել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն դեռևս 2025 թվականի մայիսին Երևանում կայացած «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում։ 

Սիյարտոն նշել է, որ Հունգարիան դեմ չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելուն, սակայն հավելել է, որ տարածաշրջանում բալանսը պահելու համար նույնքան օգնություն էլ պետք է հատկացվի Ադրբեջանին։ 

«Մեր խնդրանքն այն է եղել, որ Եվրամիությունը նույնչափ աջակցություն տրամադրի Ադրբեջանին։ Վերջին անգամ դա աշխատել է՝ 10 միլիոն եվրո հատկացվել է Հայաստանին, 10 միլիոն եվրո՝ Ադրբեջանին (Հայաստանը 2024 թվականին Եվրամիության Խաղաղության հիմնադրամից ստացել է 10 միլիոն եվրո աջակցություն, նույնքան գումար էլ տրամադրվել է Ադրբեջանին ականազերծման աշխատանքների համար)։ Այս անգամ էլ դա կարող է աշխատել»,-շեշտել է Պետեր Սիյարտոն։ 

Հայերեն English Русский Türkçe

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին