Իրան

Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին

2 րոպեի ընթերցում

Բեսենթը հայտարարել է, որ ԵՄ-ն պաշտոնապես միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին

Եվրամիությունը պաշտոնապես միացել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացվող «Տնտեսական վտարանդի» գործողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Եվրոպական միությունը պաշտոնապես միացել է «Տնտեսական վտարանդի» գործողությանը, և մենք գնահատում ենք նրանց ամուր և վաղ դիրքորոշումը», - նշել է նա:

Բեսենթի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ ապահովելու, որ Իրանը չկարողանա «շահագործել համաշխարհային ֆինանսական համակարգն իր միջուկային նկրտումները, սպառազինությանն առնչվող ծրագրերը և ահաբեկչական հովանավորյալներին ֆինանսավորելու համար»։

«Աշխարհը հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի՝ մենք կանգ չենք առնի, մինչև չվերացվեն մնացած բոլոր ֆինանսական կենսապահովման շղթաները», - շեշտել է նա։

Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ սերտորեն կհամագործակցի Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի վրա ճնշումը պահպանելու և լարվածության թուլացմանն ու տարածաշրջանային կայունությանը նպաստելու համար։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։ ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում