Եվրոպա

Արգենտինան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ֆոլքլենդյան կղզիների մոտ աշխատող նավթային ընկերությունների նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Արգենտինան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Ֆոլքլենդյան կղզիների մոտ աշխատող նավթային ընկերությունների նկատմամբ

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սրել է Մեծ Բրիտանիայի հետ լարվածությունը Ֆոլկլենդյան կղզիների շուրջ՝ զգուշացնելով, որ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք նավթ են շահագործում բրիտանական անդրծովյան տարածքի մոտ, որին հավակնում է նաև Բուենոս Այրեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ազգին ուղղված ուղերձում Միլեյը նշել է, որ «փոփոխության քամիները» նպաստում են կղզիների նկատմամբ Արգենտինայի հավակնություններին։ BBC-ն նշում է, որ սրա համար առիթ են դարձել ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները, որ Վաշինգտոնը կարող է վերանայել իր չեզոքության դիրքորոշումն այս հարցում։

Միլեյը պատժամիջոցների իր ծրագրի մասին հայտարարելիս շեշտել է, որ Ֆոլկլենդյան կղզիները «պատմականորեն և իրավականորեն» արգենտինական են։

Նա նշել է, որ «Ծովառյուծ» նավթահանքը, որտեղ բրիտանական և իսրայելական ընկերությունները պետք է սկսեն հետախուզական աշխատանքներ, «հստակ և առկա վտանգ» է։ Կղզիներից մոտ 130 մղոն հեռավորության վրա գտնվող «Ծովառյուծ» նավթահանքը պարունակում է մոտավորապես 1,7 միլիարդ բարել նավթ։

«Եթե մենք մի քանի ամսվա ընթացքում արագ չգործենք, նրանք կունենան մեր ծովի հատակում գտնվող նավթին հասանելիություն ստանալու նյութական հնարավորություններ, ինչը նախկինում երբեք չի եղել», - ասել է Միլեյը։

Ֆոլկլենդյան կղզիների համար պատերազմից ավելի քան 40 տարի անց Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմուտքում գտնվող կղզեխմբի ինքնիշխանությունը շարունակում է վիճարկվել Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի կողմից։

2013 թվականի հանրաքվեում կղզիների բնակիչները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են բրիտանական անդրծովյան տարածք մնալու օգտին. բնակիչների 99,8%-ը կողմ է քվեարկել, ընդամենը երեքը՝ դեմ։

Միլեյը նաև հայտարարել է Արգենտինայի հարավում գտնվող Տիեռա դել-Ֆուգոյում ռազմածովային բազա հիմնելու ծրագրերի մասին՝ ասելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ-ն «գնահատում են իրենց պատմական դիրքորոշումը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ», որոնք Արգենտինան անվանում է Մալվինյան կղզիներ։

Արգենտինական ուժերը 1982 թվականին ափ էին իջել Ֆոլկլենդյան կղզիներում՝ տարածքային պահանջ ներկայացնելու համար, ինչը հանգեցրեց 74-օրյա պատերազմի, որի արդյունքում բրիտանական ռազմական օպերատիվ խումբը դուրս մղեց նրանց։ Հակամարտության հետևանքով զոհվել է 255 բրիտանացի զինծառայող, երեք կղզեբնակ և 649 արգենտինացի զինծառայող։

Արգենտինայի ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում տոնեցին Անգլիայի նկատմամբ իրենց հաղթանակը՝ ցուցադրելով պաստառ, որի վրա գրված էր «Մալվինյան կղզիներն արգենտինական են»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում