Իրան

ԱԷՄԳ-ն չի ստացել Իրանի միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն չի ստացել Իրանի միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները մինչև այժմ չեն ստացել Նաթանզի, Սպահանի և Ֆորդոյի իրանական խոշոր միջուկային օբյեկտներ մուտքի թույլտվություն, որոնք վնասվել են հունիսին ամերիկյան ռմբակոծության հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավստրիական Die Presse թերթին տված հարցազրույցում։

Գրոսին պարզաբանել է, որ Իրանում առաջվա պես կան ԱԷՄԳ-ի տեսուչներ։ Նրա խոսքով՝ իրանական միջուկային օբյեկտների վրա հունիսյան գրոհներից հետո տեսչական ստուգումները դադարեցվել են։

«Խոշոր օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել, և տեսչական ստուգումները հնարավոր չեն եղել անվտանգության նկատառումներով։ Իրանը գրոհներից հետո սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ։ Մենք փնտրել ենք երկխոսություն, բանակցություններ ենք անցկացրել Կահիրեում և պայմանավորվածություն ձեռք բերել։ Մեր տեսուչներն այցելել են բոլոր անձեռնմխելի օբյեկտներ։ Սակայն մենք մինչև այժմ մուտքի թույլտվություն չունենք Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում. դրանք գրոհի ենթարկված օբյեկտներ են», - նշել է Գրոսին։

Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն լույս հունիսի 22-ի գիշերը Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում իրանական երեք միջուկային օբյեկտներին հարվածներ է հասցրել GBU-57A/B Massive Ordnance Penetrator հակաբունկերային ռումբերով, որից հետո հայտարարել է, որ Իսրայելը և Իրանը համաձայնել են հրադադարի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում