Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին
1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) արձանագրում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը. գործակալությունը պատրաստ է նպաստել այդ գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
ԱԷՄԳ-ն ավելի վաղ բազմիցս որպես միջնորդ է հանդես եկել իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների հարցում։
«Ես զգում եմ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ձգտումը, և ԱԷՄԳ-ն պատրաստ կլինի նպաստել դրան, այդպես այն արել է նաև անցյալում», - ասել է Գրոսին։
Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսումն անհրաժեշտ է, և այն պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։
ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անուղղակի կապ են պահպանում Կատարի միջնորդությամբ։