Podcast-Հարց բժշկին. ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, ժամանակակից բուժման մեթոդները թույլ են տալիս ապրել լիարժեք կյանքով

4 րոպեի ընթերցում

Դեկտեմբերի մեկը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, խթանել համերաշխությունը և ուշադրություն դարձնել հիվանդության կանխարգելման, բուժման ու խնամքի կարևորությանը։ 

Օրվա շրջանակում «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» հերթական թողարկման շրջանակում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ-վարակաբան, վարակիչ հիվանդությունների գծով ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու Արմեն Օհանյանի հետ զրուցել ենք Հայաստանում և աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրական պատկերի, առկա խնդիրների ու ժամանակակից բուժման հնարավորությունների մասին։

Վարակաբանի խոսքով՝ օրվա հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է։ «Մարդիկ պետք է տեղեկացված լինեն, որպեսզի կարողանան պաշտպանվել, իսկ ովքեր արդեն վարակված են, իմանան, թե ինչ հնարավորություններ կան բուժման համար։ Սա մարդկանց օգնում է հասկանալ, որ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ։ Ժամանակին բուժում ստանալու դեպքում հնարավոր է լիարժեք ապրել և շարունակել բնականոն կյանքը»,-նշեց նա։

Խոսելով համաշխարհային վիճակագրական  պատկերի մասին՝ Արմեն Օհանյանը նշեց, որ վերջին տարիներին համաճարակաբանական աճի տեմպերը որոշ չափով նվազել են։ «Վարակը դարձել է ավելի կառավարելի, սակայն դա չի նշանակում, թե վտանգը վերացել է»,-պարզաբանեց բժիշկը։

Հայաստանում, նրա խոսքով, մինչ օրս գրանցվել է մոտ 6500 ՄԻԱՎ-ով վարակված անձ։

Բժիշկ Օհանյանի կարծիքով՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ամենամեծ խոչընդոտներից մեկը հասարակության մեջ առկա խտրական վերաբերմունքն է։

«Ցավոք, խտրականություն կա ոչ միայն հասարակության, այլ, երբեմն, նաև բուժաշխատողների կողմից։ Լինում են դեպքեր, երբ բուժօգնությունից հրաժարվում են միայն այն պատճառով, որ անձը ՄԻԱՎ-ով վարակված է»,-նշեց նա։

Սա, ըստ նրա, հանգեցնում է հոգեբանական ճնշման, ինչի հետևանքով մարդիկ հաճախ խուսափում են հետազոտվելուց կամ դժվարությամբ են ընդունում իրենց ախտորոշումը։

«Եթե հիվանդը կանոնակարգված ընդունում է դեղորայքը, հետևում է բժշկի ցուցումներին, նա առողջական վիճակով գրեթե չի տարբերվում ՄԻԱՎ չունեցող անձից: Բացի այդ, բուժում ստացող անձը գրեթե դադարում է վարակի տարածող լինել: Սա երկկողմանի կարևորություն ունի՝ և՛ հիվանդի առողջության, և՛ հասարակության անվտանգության համար»,-ավելացրեց Արմեն Օհանյանը։

Անդրադառնալով տարածված միֆերին՝ բժիշկը շեշտեց, որ հասարակության մեջ սխալ պատկերացումներն առնչվում են վարակման ուղիներին։

«Շատերը կարծում են, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել ձեռք սեղմելով կամ կենցաղային շփման միջոցով, ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Մյուս տարածված միֆը վերաբերում է բուժման արդյունավետությանը: Մարդիկ երբեմն չեն հավատում, որ դեղորայքն իրականում կարող է օգնել և փոխել իրենց կյանքը»,- ասաց նա։

Արմեն Օհանյանի խոսքով՝ ՄԻԱՎ-ից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պաշտպանված սեռական հարաբերությունն է՝ պահպանակի կիրառմամբ։ Բացի այդ, գոյություն ունի հետկոնտակտային դեղորայքային կանխարգելում, որը պետք է սկսել հնարավորինս շուտ՝ ռիսկային շփումից հետո։ «Դեղորայքը կարող է մինչև 90 տոկոսով նվազեցնել վարակվելու հավանականությունը»,-նշեց նա։

Վարակաբանը հորդորեց մարդկանց լինել առավել ուշադիր իրենց առողջության նկատմամբ և ժամանակին հետազոտվել:

«Այսօրվա բժշկությունը գրեթե բոլոր խնդիրների համար ունի լուծում կամ վերահսկման մեխանիզմ։ Վաղ հայտնաբերումը կարող է արմատապես փոխել մարդու կյանքի որակը և տևողությունը»,-եզրափակեց մասնագետը։

Թեմայի շուրջ մի շարք  այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքասթը:  

Լսեք նաև այլ թեմաներով podcast-ները: 

Հայերեն

Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք