Լուկաշենկոն Պուտինի հետ հանդիպմանն առաջարկել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ անցկացնել Մինսկում
2 րոպեի ընթերցում
Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնել Մինսկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը հիշեցրել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո Կիևի հետ առաջին շփումները տեղի են ունեցել Բելառուսում:
«Կիևի ռեժիմի հետ այս հարցի շուրջ մեր առաջին շփումները տեղի են ունեցել Բելառուսի տարածքում՝ ձեր անմիջական մասնակցությամբ», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա խոստացել է Լուկաշենկոյին տեղեկացնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Եթե ցանկանում եք կրկին վերադառնալ Մինսկ, մենք միշտ պատրաստ ենք», - ասել է Բելառուսի նախագահը։
Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունեցել Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում։
Պուտինը պետական այցով մեկնել է Ղրղզստան։ Նա Բիշքեկում կգտնվի նոյեմբերի 25-27-ը։ Ավելի վաղ նա բանակցություններ է վարել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Պլանավորված է նաև Ռուսաստանի ղեկավարի մասնակցությունը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին։