2 րոպեի ընթերցում
Իսրայելցի վերաբնակներն Արևմտյան ափում մզկիթ են հրկիզել և դրա պատերին տարբեր կարգախոսներ գրել, հայտնել են պաղեստինցի բնակիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պաղեստինցիների խոսքով՝ հրդեհը մարվել է, նախքան այն կտարածվեր։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ ուժեր են ուղարկել դեպքի վայր՝ միջադեպը քննելու համար։
«Միջադեպը փոխանցվել է Իսրայելի ոստիկանությանը և Անվտանգության գործակալությանը՝ հետագա մշակման համար: Իսրայելի պաշտպանության բանակը դատապարտում է բռնության ցանկացած ձև և կշարունակի գործել տարածքում անվտանգությունն ու կարգուկանոնը պահպանելու համար», - մեջբերում է գործակալությունը Իսրայելի զինվորականների հայտարարությունից մի հատված։
Օրերս ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը հայտարարել էր, որ հոկտեմբերին վերաբնակիչները պաղեստինցիների վրա իրականացրել են առնվազն 264 հարձակում, ինչn ամսական ամենաբարձր ցուցանիշն է 2006 թվականից ի վեր, երբ ՄԱԿ-ը սկսել է հետևել միջադեպերին։
ՄԱԿ-ը, Պաղեստինը և բազմաթիվ երկրներ Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերը համարում են անօրինական։ Իսրայելը վիճարկում է սա: Արևմտյան ափում ապրում է 2,7 միլիոն պաղեստինցի և շուրջ կես միլիոն իսրայելցի վերաբնակներ։