Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 4-ի երեկոյան կառավարության նիստում հայտարարել է, որ քվեարկություն չի անցկանցի Լիբանանի հետ ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի վերջին տարբերակի վերաբերյալ, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը չի ընդունել դրա պայմանները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Ynet պարբերականը։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախարարները քննադատել են փխրուն հրադադարը, որն Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները համաձայնել էին երկարաձգել հունիսի 3-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, և պահանջել են, որ այն քվեարկության դրվի կաբինետում, նախքան Իսրայելը կընդունի դրա պայմանները։
Ynet-ը նշում է, որ Նեթանյահուն ասել է, թե «այս պահին համաձայնագիր չկա», քանի որ «Հեզբոլլահ»-ը հրաժարվել է ընդունել դրա պայմանները։
««Հեզբոլլահ»-ը դեմ է, և, հետևաբար, ես որոշում չեմ կայացնում», - ըստ Ynet-ի՝ ասել է նա՝ հավելելով, որ եթե «Հեզբոլլահ»-ը համաձայնի, ապա ինքը դա կներկայացնի կաբինետի հաստատմանը։
Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարը Telegram ալիքում մերժել էր Վաշինգտոնում հրապարակված հայտարարությունը՝ նշելով, որ շարժումը որևէ մեկի առջև պարտավորություն չի ստանձնել դադարեցնելու դիմադրությունն ագրեսիայի դեմ։ Նա նաև նշել էր, որ շարժումը կշարունակի պայքարել և պահանջում է համապարփակ հրադադար, իսրայելական բանակի դուրսբերում Լիբանանի տարածքից և հարձակումների դադարեցում։