Իրան

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

2 րոպեի ընթերցում

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները և Լիբանանի դեմ իսրայելական հարձակումների սրման վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանի պետությունների միջև համակարգման բարելավման կենսական անհրաժեշտությունն՝ Իսրայելի կողմից «Լիբանանի և տարածաշրջանի այլ երկրների դեմ ուղղված էքսպանսիոնիստական քաղաքականությանը և պատերազմ հրահրող գործողություններին հակազդելու համար»։

Արաղչին վերահաստատել է Իրանի անսասան հանձնառությունը՝ պաշտպանելու Լիբանանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իսրայելական ոտնձգություններից՝ միաժամանակ «լիակատար աջակցություն հայտնելով լիբանանյան դիմադրությանն օկուպացիային և հարձակումներին դիմակայելու հարցում»։

Իր հերթին, Բերին երախտագիտություն է հայտնել Իրանին շարունակական աջակցության համար և տեղեկացրել հարավային Լիբանանում տիրող իրավիճակի մասին։ Նա ընդգծել է «միջազգային հանրության և իսլամական երկրների իրավական ու բարոյական պատասխանատվությունը՝ կասեցնելու Իսրայելի կողմից խախտումները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին»։

Հունիսի 26-ին Իսրայելը և Լիբանանը Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի՝ իսրայելցի զինվորականները փուլ առ փուլ դուրս կբերեն իրենց զորքերը Լիբանանի հարավում գտնվող իրենց զբաղեցրած վայրերից, որից հետո Լիբանանի զինվորականները կվերահսկեն անվտանգության միջոցառումները և «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Չնայած ստորագրված համաձայնագրին՝ Իսրայելը շարունակում է թիրախավորել Լիբանանի հարավային շրջանները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում