Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի հատկացումների շրջանակներում ՇՄՆ–ի կողմից նախատեսվող աշխատանքները
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի տասներեքի նիստում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով հատկացումների շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության կողմից նախատեսվող աշխատանքները։
«Հաշվի առնելով քաղաքական և միջազգային կարևոր նշանակությունը երկրի համար, նախարար Մաթևոսյանն անդրադարձել է 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք բնապահպանության ոլորտի ամենախոշոր իրադարձություններից մեկին՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Նախարարը խոսել է միջոցառման նշանակությունից և բյուջետային շրջանակից, ներկայացրել կազմակերպչական աշխատանքները։
Նախարար Մաթևոսյանն անդրադարձել է համաժողովի հյուրընկալմամբ և նախագահությամբ մեր երկրի համար ստեղծվող հնարավորություններին»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ և հանդես է գալու որպես միջազգային և տարածաշրջանային կամուրջ։
«Իրականացվող բոլոր աշխատանքները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի համաժողովների միջազգային ստանդարտներին՝ ապահովելով ներառականություն և բաց երկխոսության մթնոլորտ»,– եզրափակվում է հաղորդագրությունը։