Հայաստան

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացն օրինական է

4 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացն օրինական է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց ՀԷՑ-ում «Տաշիր կապիտալ» ընկերության կառավարման ժամանակահատվածում եղած խախտումների և ընթացող վարչական գործընթացների մանրամասները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Պետրոսյանը նշեց, որ իր լիազորությունների շրջանակում իրականացված վերահսկողական և ստուգողական աշխատանքները բացահայտել են տարիներ շարունակ թաքցված խնդիրներ։ 

Պետրոսյանն ասաց, որ ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, այնպես էլ վերահսկողական և տեսչական լիազորություններ ունեցող պետական մարմիններից․
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ստիպված էր վարչական վարույթ հարուցել ՀԷՑ-ի նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով՝ օրեր առաջ իր ներկայացրած կանխատեսումը ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հավանականության վերաբերյալ հիմնված էր ստուգումների արդյունքների և բազմահատոր փաստաթղթերի վրա։ 
«Դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների արդյունք էր, և ես իրավասու էի այդպիսի ենթադրություններ անել»,- ասաց նա։ 

Անդրադառնալով ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործընթացի հնարավոր հակասահմանադրական լինելու մասին պնդումներին՝ Պետրոսյանը հիշեցրեց, որ հարցը գտնվում է Սահմանադրական դատարանի վարույթում։

«Գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Սպասեք Սահմանադրական դատարանի վճռին։ Ես վստահ եմ, որ գործընթացն ամբողջությամբ օրենքի շրջանակներում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել»,- ընդգծեց նա։

ՀԾԿՀ-ի նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու հարցը։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 

2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։  

Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։

 ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում