Վարչապետն ու նախարարը վստահեցնում են՝ քաղաքացին առողջության ապահովագրության վճարի էական բեռ չի զգա
3 րոպեի ընթերցում
2026 թվականից առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի շահառու համարվող 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները ապահովագրության վճարների հետ կապված էական բեռ չեն զգա, կիրականացվեն տարբեր վերաբաշխումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իրենց աշխատանքային քննարկման ընթացքում:
2026 թվականից առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու են դառնալու նաև 200 հազար դրամ և ավելի բարձր աշխատավարձ ստացող անձինք: Ի տարբերություն մյուս խմբերի՝ մինչև 18 տարեկանների, 65 տարեկանից բարձր անձանց ու հաշմանդամություն ունեցող անձանց, ապահովագրության վճարներն այս քաղաքացիներն իրենք են կատարելու: Նախարարի խոսքով՝ ապահովագրության համար ամսական վճարի չափը ստացվում է մոտ 11 հազար դրամ:
«Տարբեր վերաբաշխումների արդյունքում քաղաքացիներն այդ ծախսը չեն տեսնելու և չեն զգալու»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները կկրճատվեն:
Փաշինյանը պարզաբանեց. «Պատերազմից հետո՝ 2021 թվականին, իրադրությունը վերլուծելով, հիմնադրամի պարտադիր վճարներն էականորեն ավելացրել էինք: Բայց հիմա տեսնում ենք, որ «Զինապահ» հիմնադրամը բավարար ֆինանսական միջոցներ է կուտակել, որոնք բավարար են իր խնդիրները լուծելու համար: Մենք քաղաքացիներին ասում ենք՝ շնորհակալ ենք, որ այս ընթացքում այս բեռը վերցրիք ձեզ վրա: Հիմա մինչև 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար նախկինի նման այդ հիմնադրամին ուղղվող վճարը դարձնում ենք 1000 դրամ՝ 5500 դրամի փոխարեն: Մնացած գումարը՝ 4500 դրամը, ուղղելու ենք անձի առողջության համընդհանուր ապահովագրության ֆինանսավորմանը»:
«Հաջորդ ուղղությունը եկամուտների հայտարարագրման համակարգի համատեքստում սոցիալական կրեդիտների հնարավորությունն է: 200-500 հազար դրամ ստացողների համար փոխել ենք սոցիալական կրեդիտների տարեկան չափի հնարավորությունը՝ առողջապահության ուղղությամբ: Ամսական թույլ ենք տալու սոցիալական կրեդիտներից հետ ստանալ 6000 դրամ: Այսինքն՝ 4500 դրամ +6000 դրամ. այդ բեռը քաղաքացին չի զգալու: Ստացվում է, որ քաղաքացին վճարելու է ամսական 500 դրամ»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ դրա դիմաց քաղաքացին կստանա 129 հազար դրամ արժեքով առողջապահական ապահովագրության փաթեթ, որի փոխհատուցման չափը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի: