2 րոպեի ընթերցում
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ նշելով, որ իր երկիրն այլընտրանք չունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի նախագահի գրասենյակը X սոցիալական հարթակում։
«Լիբանանը բանակցություններից բացի այլընտրանք չունի: Քաղաքականության մեջ կան աշխատանքային երեք գործիքներ՝ դիվանագիտական, տնտեսական և պատերազմական: Երբ պատերազմը ոչ մի արդյունքի չի հանգեցնում, ի՞նչ անել: Աշխարհում յուրաքանչյուր պատերազմի ավարտը եղել է բանակցությունը, և բանակցությունները ոչ թե ընկերոջ կամ դաշնակցի հետ են, այլ՝ թշնամու», - նշված է գրառման մեջ:
Աունի խոսքերին նախորդել են վերջին օրերին Իսրայելի կողմից սահմանին հարձակումների ակտիվացումը, որոնք ուղեկցվել են իսրայելցի պաշտոնյաների կողմից իրավիճակի սրացման սպառնալիքներով։
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանն անվանել էր ձախողված պետություն։ Նա նշել էր, որ այն տարածաշրջանի միակ երկիրն է, որը հրաժարվում է աջակցել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող փոփոխություններին։
«Լիբանանը «Հեզբոլլահ»-ն է», - հայտարարել էր նա՝ Հարավային Լիբանանում Իսրայելի հարվածները վերագրելով նրան, որ շիական խմբավորումը հրաժարվում է զինաթափվել։