Գրոսին քաջատեղյակ է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթից. Էսմայիլ Բաղայի
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված հայտարարությունները անհիմն են՝ կոչ անելով նրան զգույշ լինել իր մեղադրանքների հետևանքներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը լավ գիտակցում է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։
Բաղային, մատնանշելով հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմը, ընդգծել է, որ Գրոսիի անհիմն հայտարարությունների հետևանքները հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար։
Բաղային կոչ է արել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին դասեր քաղել իր հայտարարությունների և զեկույցների «աղետալի հետևանքներից, որոնք պատրվակ են հանդիսացել 12-օրյա պատերազմ տանող բացասական մթնոլորտ ստեղծելու համար»։
Ավելի վաղ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները, կարծես թե, ակտիվորեն չեն հարստացնում ուրան, սակայն երկրի միջուկային օբյեկտներում նոր ակտիվություն է նկատվել։
«Այնուամենայնիվ, 60%-ով հարստացված ուրանը դեռևս Իրանում է։ Սա այն կետերից մեկն է, որը մենք քննարկում ենք, քանի որ մենք պետք է վերադառնանք այնտեղ և համոզվենք, որ նյութը տեղում է և չի ուղղորդվել որևէ այլ կիրառության համար։ Սա չափազանց կարևոր է», - նշել է Գրոսին հոկտեմբերի 29- ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում տված հարցազրույցում։
Նա նաև զգուշացրել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կարող են թույլ տալ նրան արտադրել 10 միջուկային ռումբ, եթե նա որոշի զենքի վերածել իր ծրագիրը։ Գրոսին նաև հավելել է, որ դա չի նշանակում, որ Իրանն ունի նման զենք։