«ԴիջիԹեք»-ը դարձել է տեխնոլոգիական և թվային ոլորտի ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասում. Ֆրանկ Հես
2 րոպեի ընթերցում
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը տպավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի գրանցած նվաճումներով ու ձեռքբերումներով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ պաշտոնյան այս մասին նշեց «ԴիջիԹեք 2025»-ի բացման արարողության ժամանակ՝ ընդգծելով, որ ԵՄ պատվիրակությունը շատ հպարտ է «ԴիջիԹեք 2025»-ի հովանավորներից մեկը լինելու համար։
«Հիշում եմ, երբ չորս տարի առաջ ժամանեցի Հայաստան և նաև ներկա գտնվեցի «ԴիջիԹեք»-ին, այն ժամանակ միջոցառումը շատ էր տարբերվում այն ամենից, ինչ ես հիմա տեսնում եմ․ այժմ միջոցառումն ավելի մեծ է իր մասշտաբներով և բովանդակային առումով։ Կարծում եմ, որ «ԴիջիԹեք»-ը դարձել է տեխնոլոգիական և թվային ոլորտի ամենակարևոր իրադարձությունը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Կովկասում։ Կարծում եմ, որ սա մեծ ձեռքբերում է»,-նշեց Ֆրանկ Հեսը։
Նա նաև ընդգծեց, որ այսօրվա միջոցառումը միակը չէ, որով Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին։
«Մենք հպարտ ենք աջակցել Հայաստանին նաև կրթության ոլորտում, որը շատ կարևոր է, քանի որ Հայաստանում պետք է լինեն ուսանողներ և մասնագետներ, որոնք կկարողանան գործունեություն ծավալել արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում։ Մենք աջակցում ենք նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։ Ես իսկապես տպավորված եմ այս ոլորտներում Հայաստանի գրանցած բոլոր ձեռքբերումներով ու նվաճումներով, ինչի համար շնորհավորում եմ բոլորիդ»,-ասաց Հեսը։
Նա նաև հիշեցրեց, որ հաջորդ տարի Երևանում կայանալու է մեկ այլ մեծ իրադարձություն՝ COP17-ը (խմբ․՝ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը), և հույս հայտնեց, որ այդ համաժողովը ևս «ԴիջիԹեք»-ի նման հաջող ընթացք կունենա։