Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի բերդ-ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները, որոնք մեկնարկել էին 2024 թվականի ապրիլին և ընդհատվել նույն տարվա հունիսին։ Հնագիտական պեղումներ իրականացնող արշավախումբը ղեկավարում է հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Լուսինե Ալեքսանյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հնագիտական արշավախմբի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Բերդկունքի ամրոցի պեղումները կշարունակվեն  առաջիկա երկու շաբաթների ընթացքում։  

Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո, ըստ պետական ծրագրի,  կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի։

Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցը բազմաշերտ հուշարձան է, որը հիմնվել է մ․թ․ա․19-18-րդ դարերում ու գործել հազարամյակներ շարունակ։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ»։ 

Նախորդ տարվա պեղումների և դիտարկումների  արդյունքներն ի մի բերելով՝ հնագետ Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ամրոցի առանձնահատկությունները և պատմամշակութային նշանակությունը։ 

«Ամրոցը ցամաքային մասում զուրկ է տեսանելիությունից։ Անգամ Գավառ-Սևան նորակառույց ճանապարհից այն մասնակի է երևում։  Պատմական ճանապարհն անցնում է քարքարոտ բլրակների արանքով՝ հասնելով դեպի Սևանա լիճ տանող ժայռոտ մի հրվանդան, ինչը խոսում է այն մասին, որ ամրոցի ուղին եղել է ժայռափոր թունելով։ Այժմ էլ պահպանվել են փորված ուղիները ժայռի մեջ։ Ամրոցը բաղկացած է դղյակից, առանձին սենյակներով համալիրից և մշակված ծովախորշից։ Դղյակը տիպիկ է Բագրատունյաց ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներին, որոնք պարսպապատերին ունեին կիսաբոլոր աշտարակներով հզորացումներ։ Ջրային հատվածում  դիրքային առավելություն ստանալով՝ ամրոցն ամբողջությամբ վերահսկում է Սևանի ավազանը։ Այն նաև տեսողական կապի մեջ է Արտանիշի թերակղզու վրա գտնվող ամրոցի հետ։ Հավանաբար, հենց սրա հետ էլ կատարվել է նավագնացություն։

Բացի այդ, ամրոցը հյուսիսում ունի ժայռի մեջ փորված խորշ, ինչը, հավանաբար, նավերի կայանման համար է արված։  Խորշի արևելյան մասում՝ հրվանադանի ամենաբարձրադիր վայրում,  պահպանվել են բոլորաձև շինության հետքեր, որը հավանաբար եղել է փարոս։ Միջնադարյան ամրոցի տեղում եղել է III հազարամյակի բնակատեղի»,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։ 

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում հնագետները փորձելու են պեղել պարսպապատը, որն ավելի շատ դղյակի տեսքով մոնումենտալ շինություն է հիշեցնում: Փորձելու են պեղել նաև փարոսի հատվածը, որտեղ նկատվում է մուտք և աստիճանների հետքեր։

Հնագետների կարծիքով՝ պեղումները կշարունակվեն նաև մոտակա տարիների ընթացքում, մինչև որ վերջնական տեսքի կբերվի ամրոցի բուն կառուցվածքն ու հատակագիծը:

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում