Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում
7 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեի հետ քննարկել է երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունները, տնտեսական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրությունը, Ռիգայում Բայբա Բրաժեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ հաճույք է Լատվիայի մայրաքաղաք այցելել Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի նոր կարգավիճակով։
Նա ընդգծել է, որ Լատվիայի արտաքին գործերի նախարարի հետ կանոնավոր շփումներ է պահպանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Ըստ Միրզոյանի՝ վերջին տարիներին Հայաստանին և Լատվիային հաջողվել է ձևավորել ամուր և դինամիկ քաղաքական երկխոսություն, ինչպես նաև բարեկամության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերություն։
«Հայաստանն ու Լատվիան գործընկերներ են՝ միավորված ինքնիշխանության, ժողովրդավարության և խաղաղության հանձնառությամբ»,- ասել է Միրզոյանը։
Բանակցությունների առանցքում եղել են տնտեսական համագործակցության ընդլայնման և Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացման հարցերը։ Կողմերը համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ամուր քաղաքական երկխոսությունը վերածել տնտեսական կոնկրետ արդյունքների՝ խթանելով երկկողմ առևտուրը, ներդրումներն ու երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը։
Միրզոյանը Բայբա Բրաժեին շնորհակալություն է հայտնել Լատվիայի շուկա հայկական որոշ ապրանքների հրատապ արտահանումը դյուրացնելու հարցում արագ արձագանքելու և աջակցություն ցուցաբերելու համար։
Նրա խոսքով՝ այդ գործնական աջակցությունը մեծապես գնահատվում է և վկայում է խիստ անհրաժեշտ պահին Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը նպաստելու՝ Լատվիայի պատրաստակամության մասին։
Կողմերն ընդգծել են նաև գործարար պատվիրակությունների փոխադարձ այցելությունների, համատեղ գործարար համաժողովների կազմակերպման, մասնավոր հատվածների միջև ուղիղ կապերի հաստատման և երկու երկրների ներդրումների խթանման գործակալությունների միջև առավել սերտ համագործակցության կարևորությունը։
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել Լատվիայի հետ ուսումնասիրելու ներդրումային կոնկրետ հնարավորությունները և մշակելու թիրախային ու փոխշահավետ տնտեսական ծրագրեր։
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են առավել թիրախային և արդյունքահեն համագործակցություն զարգացնել էներգետիկայի, հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության, թվային փոխակերպման, առաջատար տեխնոլոգիաների ու արհեստական բանականության, էլեկտրոնային կառավարման, կիբեռանվտանգության և կրթության ոլորտներում։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող գործընկերությունը ևս կարևոր տեղ է զբաղեցրել բանակցություններում։ Նա բարձր է գնահատել Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող նախաձեռնություններին Լատվիայի հետևողական աջակցությունը։
Այս ուղղությամբ համագործակցությունը ներառում է գործող համաձայնագրերի իրականացումը, Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ու տնտեսական դիվերսիֆիկացման խթանմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև գործընկերության նոր ոլորտների բացահայտումը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը Հայաստանի առանցքային առաջնահերթություններից և ԵՄ-ի հետ ավելի լայն ու խորացող գործընկերության կարևոր բաղադրիչներից է։
Հայկական կողմը բարձր է գնահատում Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը և ակնկալում է նրա կառուցողական ներգրավվածությունն այդ գործընթացի բոլոր փուլերում։
«Հուսով ենք, որ Լատվիայի շարունակական աջակցությամբ Հայաստանը կկարողանա առաջ մղել բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որն անկյունաքարային նշանակություն ունի երկիրը Եվրոպական միությանը մերձեցնելու մեր ջանքերում»,- ասել է Միրզոյանը։
Նախարարները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների կառուցողական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան–Հյուսիսային Եվրոպա–Բալթյան երկրներ՝ NB8 ձևաչափով փոխգործակցության շարունակական զարգացումը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանն ուղղված Հայաստանի ջանքերը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը, որը, Միրզոյանի գնահատմամբ, տարածաշրջանում հաստատված խաղաղության և կայունության անմիջական արդյունքն է։
«Դրա վառ օրինակ է ԹՐԻՓՓ նախագիծը, որը շուտով կմտնի կառուցման փուլ»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը։
Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները զգալի հնարավորություններ են ստեղծում միջտարածաշրջանային կապերի զարգացման, տնտեսական համագործակցության ընդլայնման և փոխկապակցվածության ծրագրերի առաջմղման համար։ Այսպիսով, հայ-լատվիական քաղաքական երկխոսությանը զուգահեռ ձևավորվում է նաև համագործակցության գործնական օրակարգ՝ առևտրից և տեխնոլոգիաներից մինչև տարածաշրջանային հաղորդակցություն։
Արարատ Միրզոյանը եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել Բայբա Բրաժեին ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկումների, գործընկերության և բարեկամության համար։