Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ
2 րոպեի ընթերցում

Իրավապահները բացահայտել են հուլիսի 16-ին Լոռու մարզի Հոբարձի գյուղում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները։ Հանցագործության մասնակիցների մի մասը ձերբակալվել է, իսկ մյուսների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հուլիսի 16-ին՝ ժամը 20։55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Ջրվեժ գյուղի 30-ամյա բնակիչ։
Պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Հոբարձիի հյուրատներից մեկի մոտ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ և փամփուշտներ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի հրազեն կրելու հատկանիշներով։
Նախաքննությամբ պարզվել է, որ մինչ այդ Ջրվեժում տեղի ունեցած վեճի ժամանակ 30-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել համագյուղացուն։ Վերջինս ընկերոջ հետ որոշել էր հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ։
Իմանալով, որ 30-ամյա տղամարդը գտնվում է Հոբարձիի հյուրատներից մեկում՝ նրանք վարձակալած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով և զինված մեկնել էին այնտեղ։ Հյուրատանը հանդիպելով նրա ընկերոջը՝ բռնությամբ նստեցրել էին մեքենան և տեղափոխել այլ վայր։ Այնուհետև հանդիպել էին 30-ամյա տղամարդուն, ինչից հետո փոխհրաձգություն էր սկսվել։
Դեպքից հետո տուժածի՝ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչ ընկերը ևս փորձել էր վրեժ լուծել, սակայն իրավապահներին հաջողվել էր կանխել նրա գործողությունները՝ թույլ չտալով, որ հակամարտությունը նոր հանցագործության հանգեցնի։
Խուզարկությունների և քննչական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։ Նախաքննությունը շարունակվում է։