Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև ընդլայնվող համագործակցության հարցեր, ինչն արտահայտվում է թե՛ վերջին շրջանի բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայով, թե՛ հետևողականորեն զարգացող օրակարգով:

Արարատ Միրզոյանը և Էդգարս Ռինկևիչսը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև գործընկերության զարգացման կոնկրետ հնարավորությունների շուրջ՝ առանձնահատուկ շեշտադրելով առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական կապերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ հասանելիության մեծացման մեխանիզմներին։ 

Հանգամանալից քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում բացված տնտեսական, փոխկապակցվածության զարգացման նոր հնարավորությունները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Լատվիայի փոխգործակցությանը, այդ թվում՝ հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում