Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում այս օրերին շարունակվում է անասնակերի և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է 107 հազար 581 տոննա խոտ և 8050 տոննա ծղոտ։ Վարդենիս համայնքում կուտակվել է 32 հազար տոննա խոտ և 8050 տոննա ծղոտ, Ճամբարակ համայնքում՝ 6500 տոննա խոտ և 25 տոննա ծղոտ, Մարտունի համայնքում՝ 35 հազար 580 տոննա խոտ և 1925 տոննա ծղոտ, Գավառ համայնքում՝ 20 հազար տոննա խոտ և 4200 տոննա ծղոտ։ Սևան համայնքում կուտակվել է 13500 տոննա խոտ։
Մարզի տնտեսություններում աշնանացան ցորենի 14 հազար 770,5 հեկտար արտերից բերքահավաքն առայժմ կատարվել է 4371 հեկտարի վրա, որի արդյունքում հավաքվել է 13106 տոննա ցորենի համախառն բերք։ Միջին բերքատվությունը կազմել է 30 ցենտներ։ Գարնանացան ցորենի 596,7 հեկտար արտերից արդեն հնձվել է 544,4 հեկտարը, ինչի արդյունքում հավաքվել է 1150,8 տոննա բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 21,1 ցենտներ։
Գարնանացան գարու 9100,3 հեկտար արտերից արդեն հնձվել է 4876 հեկտարը, որի արդյունքում հավաքվել է 12346 տոննա բերք։ Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 25,5 ցենտներ։
«Թե՛ անասնակերի, թե՛ հացահատիկի բերքահավաքը որոշակիորեն ուշանում է հորդառատ տեղումների պատճառով, այլապես այժմ շատ ավելի տեսանելի արդյունքներ կունենայինք։ Լավ բերքի ակնկալիք ունենք աշնանացան ցորենի արտերից։ Բերքահավաքը կշարունակվի մինչև սեպտեմբեր ամսի վերջերը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։