«Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը վերադառնում է՝ Հայաստանը դիրքավորելու որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն

6 րոպեի ընթերցում

Երևանում և Վանաձորում հոկտեմբերի 3-ից 5-ը կանցկացվի «Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը։ Արդեն 9-րդ անգամ  շաբաթը դառնում է կարևոր հարթակ՝ ներկայացնելու  ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում  Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանն ընդգծեց, որ  շաբաթը մեծ հնարավորություն է ստեղծում երկիրը դիրքավորելու որպես տարածաշրջանային հանգույց՝ նորարարական մտքի, առաջատար տեխնոլոգիական լուծումների և ճարտարագիտական առաջընթացի համար։ 

«Այն համախմբում է պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, գիտահետազոտական հաստատություններին և բարձր տեխնոլոգիական ընկերություններին՝ ընդգծելով Հայաստանի մասնագիտական ներուժը։

Այս տարի առաջին անգամ միջոցառումների առաջին երկու օրերը կանցկացվեն Ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորում, որը դառնում է էկոհամակարգի անբաժան մասը։ Երրորդ օրը նախատեսված է անցկացնել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,-ասաց նա:  

Մինասյանը նշեց, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ին մասնակցել կարող են բոլոր հետաքրքրվածները։ Միջոցառումները բաց են և անվճար, անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել։ 

Ըստ նրա՝ այս տարվա շաբաթն առանձնանում է թեմաների բազմազանությամբ։ Հատուկ ուշադրության կենտրոնում է արհեստական բանականությունը, որը ներկայացվում է ոչ միայն որպես գործիք ճարտարագիտական գործընթացներում, այլև որպես կրթության կարևոր բաղադրիչ՝ ազդելով ապագա մասնագետների ձևավորման վրա։ 

«Օրինակ՝ թեմատիկ քննարկումներից մեկը նվիրված է «Ճարտարագիտական կրթություն՝ արհեստական բանականությամբ կառավարվող աշխարհի համար» թեմային։ Քննարկման ընթացքում կբացատրվի, թե ինչպես կարող է ճարտարագիտական կրթությունը հարմարվել նոր պահանջներին՝ սկսած ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների վերանայումից մինչև արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ինտեգրում դասապրոցեսներում և լաբորատորիաներում։

Բայց սա դեռ ամենը չէ․ կարևոր մաս է կազմում նաև ճարտարագիտական ցուցահանդեսը, որը կներկայացվի շաբաթվա երկրորդ օրը։ Ցուցահանդեսի ընթացքում բարձր տեխնոլոգիական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ այդ թվում ավտոմոբիլային ճարտարագիտության, ավիատիեզերական արդյունաբերության, կիսահաղորդիչների, կիբեռանվտանգության և կենսաբժշկության ոլորտներում։ Բացի այդ, նախատեսված է նաև արվեստի ցուցադրություն, որտեղ ճարտարագիտությունը կհամադրվի արվեստի հետ»,- նշեց Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը:

Նրա խոսքով՝ շաբաթի երրորդ օրը ավելի երիտասարդակենտրոն է լինելու և անցկացվելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Նախատեսված են թեմատիկ քննարկումներ և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ժամանցային հատվածներ երիտասարդների համար, որոնք կօգնեն մեծացնել հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ։

Մինասյանն ուրախությամբ նշեց, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի ընթացքում նախատեսված է մի շարք հեղինակավոր բանախոսների, պանելիստների և հատուկ հյուրերի մասնակցություն։ Լինելու են անվանի մասնագետներ և բարձր տեխնոլոգիական ոլորտում հեղինակություն վայելող փորձագետներ։

«Հիմնական բանախոսներից մեկը Պրանջալ Շարման է՝ տնտեսագիտական վերլուծաբան, խորհրդատու և գրող, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների, գլոբալացման և ներառական աճի ոլորտներում։ Նա տարբեր ձեռնարկությունների և ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ է, ինչպես նաև Հնդկաստանի B20 նախաձեռնության «Թվային փոխակերպման աշխատանքային խմբի» անդամ։ Նրա չորրորդ գիրքը՝ «Կառավարելով հինգերորդ արդյունաբերական հեղափոխությունը» (HarperCollins), համարվում է առաջինը, որը ներկայացնում է հինգերորդ արդյունաբերական հեղափոխության ազդեցությունը և գնահատում դրա բերած գլոբալ փոփոխությունները։ Երևանում նա հանդես կգա «Բարձր տեխնոլոգիական արտադրության կլաստերի զարգացումը․ Հնդկաստանի փորձը» թեմայով։

Մյուս անվանի բանախոսը Մարկ Իլիոզերն է՝ Teledyne e2v-ի ծրագրերի և ճարտարագիտության տնօրենը։ Նա կխոսի «Շրջափուլից մինչև հայտնագործություն․ հուսալի էլեկտրոնիկա AI դարաշրջանում» թեմայով։ Ավելի քան 25 տարվա փորձ ունենալով քաղաքացիական միջուկային, երկաթուղային տրանսպորտի, ավտոմոբիլային և ավիատիեզերական ոլորտներում՝ Իլիոզերը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Framatome, Rolls-Royce, Civil Nuclear և Alstom Transport ընկերություններում»,- ասաց նա։ 

Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավարի խոսքով՝ այս միջոցառումների շարքի կարևոր նպատակը միջազգային չափանիշներով միջոցառումների անցկացումն է և Հայաստանի դիրքավորումը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։

Ըստ նրա՝ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի ճարտարագիտական ներկային ու ապագային, լսելու հետաքրքիր և արդիական ելույթներ ու քննարկումներ։ 

«Շաբաթին մասնակցում են նաև արտերկրի հյուրեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են թե՛ ոլորտի նոր զարգացումներով, թե՛ Հայաստանում արտադրվող արտադրանքով։ Սա կարևոր հարթակ է նաև նոր համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների համար»,- եզրափակեց Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավարը։ 

Հայերեն Русский

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026