«Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը վերադառնում է՝ Հայաստանը դիրքավորելու որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն
6 րոպեի ընթերցում

Երևանում և Վանաձորում հոկտեմբերի 3-ից 5-ը կանցկացվի «Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ 2025»-ը։ Արդեն 9-րդ անգամ շաբաթը դառնում է կարևոր հարթակ՝ ներկայացնելու ճարտարագիտական ներուժը, ձեռքբերումներն ու ապագայի տեսլականը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանն ընդգծեց, որ շաբաթը մեծ հնարավորություն է ստեղծում երկիրը դիրքավորելու որպես տարածաշրջանային հանգույց՝ նորարարական մտքի, առաջատար տեխնոլոգիական լուծումների և ճարտարագիտական առաջընթացի համար։

«Այն համախմբում է պետական կառույցներին, միջազգային գործընկերներին, գիտահետազոտական հաստատություններին և բարձր տեխնոլոգիական ընկերություններին՝ ընդգծելով Հայաստանի մասնագիտական ներուժը։
Այս տարի առաջին անգամ միջոցառումների առաջին երկու օրերը կանցկացվեն Ինժեներական քաղաքի բարձր տեխնոլոգիական աքսելերատորում, որը դառնում է էկոհամակարգի անբաժան մասը։ Երրորդ օրը նախատեսված է անցկացնել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,-ասաց նա:

Մինասյանը նշեց, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ին մասնակցել կարող են բոլոր հետաքրքրվածները։ Միջոցառումները բաց են և անվճար, անհրաժեշտ է միայն նախապես գրանցվել։
Ըստ նրա՝ այս տարվա շաբաթն առանձնանում է թեմաների բազմազանությամբ։ Հատուկ ուշադրության կենտրոնում է արհեստական բանականությունը, որը ներկայացվում է ոչ միայն որպես գործիք ճարտարագիտական գործընթացներում, այլև որպես կրթության կարևոր բաղադրիչ՝ ազդելով ապագա մասնագետների ձևավորման վրա։
«Օրինակ՝ թեմատիկ քննարկումներից մեկը նվիրված է «Ճարտարագիտական կրթություն՝ արհեստական բանականությամբ կառավարվող աշխարհի համար» թեմային։ Քննարկման ընթացքում կբացատրվի, թե ինչպես կարող է ճարտարագիտական կրթությունը հարմարվել նոր պահանջներին՝ սկսած ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների վերանայումից մինչև արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ինտեգրում դասապրոցեսներում և լաբորատորիաներում։
Բայց սա դեռ ամենը չէ․ կարևոր մաս է կազմում նաև ճարտարագիտական ցուցահանդեսը, որը կներկայացվի շաբաթվա երկրորդ օրը։ Ցուցահանդեսի ընթացքում բարձր տեխնոլոգիական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը՝ այդ թվում ավտոմոբիլային ճարտարագիտության, ավիատիեզերական արդյունաբերության, կիսահաղորդիչների, կիբեռանվտանգության և կենսաբժշկության ոլորտներում։ Բացի այդ, նախատեսված է նաև արվեստի ցուցադրություն, որտեղ ճարտարագիտությունը կհամադրվի արվեստի հետ»,- նշեց Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը:
Նրա խոսքով՝ շաբաթի երրորդ օրը ավելի երիտասարդակենտրոն է լինելու և անցկացվելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Նախատեսված են թեմատիկ քննարկումներ և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ժամանցային հատվածներ երիտասարդների համար, որոնք կօգնեն մեծացնել հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ։
Մինասյանն ուրախությամբ նշեց, որ «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2025»-ի ընթացքում նախատեսված է մի շարք հեղինակավոր բանախոսների, պանելիստների և հատուկ հյուրերի մասնակցություն։ Լինելու են անվանի մասնագետներ և բարձր տեխնոլոգիական ոլորտում հեղինակություն վայելող փորձագետներ։
«Հիմնական բանախոսներից մեկը Պրանջալ Շարման է՝ տնտեսագիտական վերլուծաբան, խորհրդատու և գրող, որը մասնագիտացած է տեխնոլոգիաների, գլոբալացման և ներառական աճի ոլորտներում։ Նա տարբեր ձեռնարկությունների և ոչ առևտրային կազմակերպությունների խորհրդի անդամ է, ինչպես նաև Հնդկաստանի B20 նախաձեռնության «Թվային փոխակերպման աշխատանքային խմբի» անդամ։ Նրա չորրորդ գիրքը՝ «Կառավարելով հինգերորդ արդյունաբերական հեղափոխությունը» (HarperCollins), համարվում է առաջինը, որը ներկայացնում է հինգերորդ արդյունաբերական հեղափոխության ազդեցությունը և գնահատում դրա բերած գլոբալ փոփոխությունները։ Երևանում նա հանդես կգա «Բարձր տեխնոլոգիական արտադրության կլաստերի զարգացումը․ Հնդկաստանի փորձը» թեմայով։

Մյուս անվանի բանախոսը Մարկ Իլիոզերն է՝ Teledyne e2v-ի ծրագրերի և ճարտարագիտության տնօրենը։ Նա կխոսի «Շրջափուլից մինչև հայտնագործություն․ հուսալի էլեկտրոնիկա AI դարաշրջանում» թեմայով։ Ավելի քան 25 տարվա փորձ ունենալով քաղաքացիական միջուկային, երկաթուղային տրանսպորտի, ավտոմոբիլային և ավիատիեզերական ոլորտներում՝ Իլիոզերը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Framatome, Rolls-Royce, Civil Nuclear և Alstom Transport ընկերություններում»,- ասաց նա։
Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավարի խոսքով՝ այս միջոցառումների շարքի կարևոր նպատակը միջազգային չափանիշներով միջոցառումների անցկացումն է և Հայաստանի դիրքավորումը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական կենտրոն։
Ըստ նրա՝ մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի ճարտարագիտական ներկային ու ապագային, լսելու հետաքրքիր և արդիական ելույթներ ու քննարկումներ։
«Շաբաթին մասնակցում են նաև արտերկրի հյուրեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են թե՛ ոլորտի նոր զարգացումներով, թե՛ Հայաստանում արտադրվող արտադրանքով։ Սա կարևոր հարթակ է նաև նոր համագործակցությունների և ներդրումային հնարավորությունների համար»,- եզրափակեց Ինժեներական քաղաք ծրագրի ղեկավարը։

