Իրան

Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Իրանի միջուկային ծրագրի համար. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն Իրանի միջուկային ծրագրի համար. Մակրոն

Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցների վերականգնման հարցը կարող է լուծվել առաջիկա ժամերին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական  քննարկման ժամանակ:

«Առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն: Կամ Իրանը բարի կամքի ժեստ կանի, կվերադառնա խաղաղության և պատասխանատվության ուղի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ կտա կատարել իր աշխատանքը և կտեղափոխի հարստացված ուրանի իր պաշարները, կամ պատժամիջոցները պետք է ուժի մեջ մտնեն: Վաղը ես հնարավորություն կունենամ քննարկել դա Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ», - ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարն Իրանի միջուկային ծրագրի շուրջ փոխզիջման բացակայության պատասխանատվությունը լիովին բարդել է Թեհրանի վրա և կոչ է արել վերականգնել դրա նկատմամբ վերահսկողությունը: Նրա խոսքով՝ «համապատասխան ծրագիրն արդեն գոյություն ունի»: 

«Անհապաղ անհրաժեշտ է վերականգնել միջուկային զենքի տարածման դեմ պայքարի հուսալի և ստուգման ենթակա համակարգը, սպառնալիքների և բալիստիկ հրթիռների տարածումը կասեցնելու հուսալի համակարգը», - հայտարարել է Մակրոնը՝ թվարկելով սպառնալիքների երկար ցանկը, որոնք, նրա խոսքով, «թուլացրել են ընդհանուր շրջանակները»։

Ավելի վաղ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) և Եվրամիությունը Իրանին կոչ են արել վերսկսել ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցությունները և ԱԷՄԳ-ին մուտք տրամադրել բոլոր միջուկային օբյեկտներ։ Նրանք նաև հայտարարել են, որ կողմնակից են հարցի դիվանագիտական ​​​​լուծմանը, սակայն պատրաստ են անհրաժեշտության դեպքում ավարտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման snapback մեխանիզմը՝ շեշտելով, որ դա կնշանակի փոխգործակցության ավարտ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում