Մերձավոր Արևելք

Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը կանգնեցնելու ցանկացած փորձից

3 րոպեի ընթերցում

Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը կանգնեցնելու ցանկացած փորձից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ ցանկացած հարձակողական կամ անեքսիայի փորձից՝ նշելով, որ դա չի կանգնեցնի Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցից հետո X-ում կատարած գրառման մեջ։ 

«Ես հենց նոր խոսեցի Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Միասին մենք համանախագահելու ենք սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայանալիք երկու պետության բանաձևով կարգավորման համաժողովը։ Պաղեստինցի պաշտոնյաներին վիզա չտրամադրելու ամերիկյան որոշումն անընդունելի է։ Մենք կոչ ենք անում չեղարկել այս միջոցը և ապահովել պաղեստինյան ներկայացուցչությունը՝ համաձայն հյուրընկալող երկրի համաձայնագրի», - նշել է նա գրառման մեջ։

Մակրոնը նաև նշել է, որ նպատակը հստակ է՝ ապահովել երկու պետությունների բանաձևով կարգավորման հնարավորինս լայն միջազգային աջակցություն՝ որպես միակ միջոց և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների օրինական նկրտումները բավարարելու համար։

«Սա կպահանջի մշտական ​​​​հրադադարի իրականացում, բոլոր պատանդների ազատ արձակում, Գազայի ժողովրդին մարդասիրական լայնածավալ օգնության մատակարարում և Գազայում կայունացման առաքելության տեղակայում։ Մենք նաև աշխատում ենք ապահովել, որ հաջորդ օրը ՀԱՄԱՍ-ը զինաթափվի և զերծ մնա Գազայի ցանկացած կառավարումից, և որ Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխվի և ամրապնդվի, ինչպես նաև Գազայի հատվածը լիովին վերակառուցվի», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ «որևէ հարձակողական, անեքսիայի փորձ կամ բնակչության բռնի տեղահանում չի խաթարի թագաժառանգի հետ մեր ստեղծած թափը, որին արդեն միացել են շատ գործընկերներ»։

«Կհանդիպենք Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին։ Եկեք այս երկու պետության բանաձևով կարգավորմանը նվիրված համաժողովը միասին դարձնենք վճռորոշ շրջադարձային կետ տարածաշրջանում բոլորի համար խաղաղության և անվտանգության համար», - եզրափակել է նա։

Ավելի վաղ, բացի Ֆրանսիայից, Պաղեստինը ճանաչելու մտադրությամբ հանդես են եկել Բելգիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում