Իրանն ուշադիր հետևելու է զարգացումներին և վստահում է հայկական կողմի հավաստիացումներին. իրանագետն անդրադարձել է Փեզեշքիանի այցին
10 րոպեի ընթերցում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ Հայաստանն իրանցիների տեսանկյունից գտնվում է բավականին կարևոր անվտանգային գոտում, ուստի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն էական է նախևառաջ այդ առումով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձել է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցին և այդ համատեքստում խոսել նշված իրադարձության հետ կապված մի քանի ուշագրավ հանգամանքների մասին։

«Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված էր դեռ հարևան երկրում տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո, առավել ևս, որ հայկական կողմից արվել էր պաշտոնական հրավեր։ Այցը պետք է վաղուց իրականանար, հետևաբար սպասելի էր։ Եղան բարձր մակարդակով այցեր այլ երկրներ, ինչը, գուցե, պայմանավորված էր Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններով ու որոշակի արարողակարգային հանգամանքներով, բայցևայնպես, հայաստանյան այցը նույնպես վաղօրոք նախատեսված էր։ Հայաստանը, թեև մի փոքր ուշ, այդուհանդերձ, ընդգրկվեց այն երկրների շարքում, որտեղ Փեզեշքիանն ի վերջո այցելեց»,- ասաց Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ հարևան երկրի նախագահի այցը բովանդակային առումով տեղի ունեցավ այնպիսի ժամանակահատվածում, երբ կուտակվել են օրակարգային տարբեր թեմաներ, որոնցից տնտեսական բաղադրիչի առումով հայ-իրանական համագործակցությանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու առևտրատնտեսական կապերին առնչվող հարցերը ստացել են շատ կարևոր նշանակություն։
«Մյուս թեման վերաբերում է քաղաքական օրակարգին, հատկապես այն առումով, որ վաշինգտոնյան հանդիպումներից հետո Իրանի իշխող վերնախավի գրեթե բոլոր շերտերում առկա էին որոշակի մտահոգություններ՝ կապված մեր տարածաշրջանում ընթացող փոփոխությունների հետ, ուստի դրանց շուրջ դեմ առ դեմ բանակցություններն ու քննարկումներն իրանական կողմի համար նույնպես ունեն կարևոր նշանակություն։ Նախապես տեղի ունեցած քաղաքական կոնսուլտացիաներն, ըստ էության, խթանեցին Իրանի նախագահի այցը Հայաստան»,-ասաց մեր զրուցակիցը։
Իրանագետը հիշատակեց նաև Իրանի արտաքին քաղաքական հայեցակարգում հարևան երկրների հետ մշակված և իրականացվող քաղաքականությունը, որի համաձայն՝ Իրանը տարածաշրջանում բոլոր հարևանների նկատմամբ ձգտում է իրականացնել կառուցողական տնտեսական, քաղաքական, որոշ երկրների պարագայում նաև անվտանգային հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը միտված քաղաքականություն։
«Թե ինչ շեշտադրումներ կունենար Փեզեշքիանի այցը և ինչ հնարավոր փաստաթղթեր կարող էին ստորագրվել Հայաստանում, կարելի էր կռահել այցից առաջ հարևան երկրի նախագահական նստավայրում կայացած նիստից հետո հրապարակված տեղեկատվությունից։ Խոսքը վերաբերում է հիմնականում տնտեսական, գիտական, մշակութային, էներգետիկ ոլորտներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։ Գուցե, նախանշված ու համաձայնեցված նախագծերի իրականացման տեմպերը գոհացուցիչ չեն, ուստի առաջին պլան է մղվել դրանք լրացուցիչ խթանելու անհրաժեշտությունը։ Իրանը Հայաստանի հետ ունի լուրջ մտադրություններ նաև ԵԱՏՄ-ի շրջանակում, քանի որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, ինչը նույնպես լուրջ կարևորություն ունի։ Այս ամենը հանգեցրել են Փեզեշքիանի այցին հենց այս ժամանակահատվածում»,- մանրամասնեց Դավթյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ են դանդաղ զարգանում երկկողմ տնտեսական կապերը և առկա մեծ ներուժը չի օգտագործվում ինչպես հարկն է՝ իրանագետն ընդգծեց, որ երկար ժամանակ Իրանի գիտատեխնիկական ու տնտեսական ներուժը լիարժեքորեն ճանաչելու հարցում մեր հասարակության մեջ եղել են որոշակի խնդիրներ, սակայն վերջին շրջանում համագործակցության ակտիվացումը, հնարավորությունների բացահայտման գործում քաղաքական կոնսուլտացիաները, երկուստեք ցուցաբերվող քաղաքական կամքն աստիճանաբար լուծել են ճանաչողության հետ կապված խնդիրը, ինչն, ըստ իրանագետի, շատ կարևոր հանգամանք է։
«Գուցե, Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցները նույնպես որոշակի խնդիրներ են հարուցել արտաքին ներդրումների իրականացման համար։ Կար նաև առևտրատնտեսական կարողությունները, գնային ու մրցակցային առավելությունները ներկայացնելու մարքեթինգային խնդիր։ Այդուհանդերձ, ժամանակի ընթացքում կազմակերպված էքսպոներն ունեցան դրական ազդեցություն։ Չպետք է բացառել և իրավական կողմը, որովհետև մեր հարևան երկիրը տարբեր պետությունների հետ ունի ապրանքների ներմուծման ու արտահանման հետ կապված սեփական յուրահատուկ օրենսդրական մեխանիզմներ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու ցանկությունը և դրան առնչվող փաստաթղթի հաստատումը Իրանի Մեջլիսի կողմից նույնպես ունեցան դրական ազդեցություն՝ ապահովելով ակտիվ տեղաշարժ»,- նշեց Դավթյանը։
Նրա դիտարկմամբ՝ անշուշտ, կա նաև քաղաքական ու անվտանգային բաղադրիչը, քանի որ տնտեսական կապերի միջոցով ազդեցության տարածումը հնարավոր է միայն քաղաքական որոշակի ներկայություն և անվտանգային միջավայր ապահովելու շնորհիվ։
«Իրանական կողմի դիրքորոշումն ինքնին հասկանալի է, որ չի ուզում տարածաշրջանում լինի հատկապես անվտանգային բաղադրիչ ունեցող երրորդ ուժերի ներկայություն, ինչը կարող է խնդիրներ հարուցել Իրանի համար։ Ժամանակին կար այդպիսի մտահոգություն՝ կապված ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հետ, կային թեմաներ նաև հայ-ամերիկյան զորավարժությունների առթիվ, սակայն համապատասխան բացատրական աշխատանքից և իրականության հետ առերեսվելուց հետո որոշ չափով իրանական կողմի մտահոգությունները փարատվել են»,- ասաց իրանագետը։
Դավթյանն ընդգծեց, որ վերոհիշյալ մտահոգությունները չեն վերաբերում միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին, հետևաբար պաշտոնական դիրքորոշումը տարածվում է նաև Ադրբեջանի վրա, որտեղ գտնվող օտար ուժերն Իրանի համար պոտենցիալ կամ, գուցե, իրական վտանգ են ներկայացնում։
«Մեզանում իրականացվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրեր, մեր խաղաղապահները Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում արևմտյան գործընկերների հետ ծավալում են համարժեք գործունեություն, և եթե այդ ամենը շատ ողջունելի չէ Թեհրանի կողմից, այնուամենայնիվ, լուրջ վտանգներ դրանցում չեն տեսնում։ Բայց ինչ վերաբերում է Թրամփի նախագծի շուրջ վերջին քննարկումներին, ապա այստեղ նույնպես մեր քաղաքական վերնախավի ներկայացուցիչները տվել են համապատասխան մեկնաբանություններ և հավաստիացումներ, որ նախագծում անվտանգային, ռազմական ուժի ներկայություն չկա, այլ ուղղակի նախագիծը տնտեսական բաղադրիչին ու ենթակառուցվածքներին վերաբերող ներդրումային փաստաթուղթ է»,- պարզաբանեց Դավթյանը։
Նա հավելեց, որ իրանական կողմին տակավին մտահոգում է այն հանգամանքը, որ զուտ տնտեսական ներկայությունը կարող է ժամանակի ընթացքում վերաճել այլ բնույթի ներկայության, այսինքն՝ վերահսկողության լծակները, իրավական կարգավորումները, տարաբնույթ տեխնիկական հարցերը կարող են տնտեսական բաղադրիչը փոխակերպել քաղաքական ազդեցության գործոնի, ինչի արդյունքում հնարավոր է, որ ճնշում գործադրվի Հայաստանի վրա։
«Թեհրանի համար նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կարողություններն այդքան մտահոգիչ չեն, որքան հարավկովկասյան զարգացումները, որտեղ կարող է զգալիորեն տարածվել Հյուսիսատլանտյան դաշինքի ազդեցությունը։ Հարավկովկասյան երկրներն իրենց ներուժով, մասշտաբներով, ռազմաքաղաքական հզորությամբ արտաքին ուժերի ազդեցության տարածման և տարածաշրջան մուտք գործելու դեպքում չեն կարող լիարժեքորեն ու միանշանակորեն առաջնորդվել միայն իրենց ազգային շահերով, իսկ արտաքին ուժերի ներկայությունն, ըստ իրանական կողմի մտավախությունների, ինչ-որ իքս պահի կարող է վերաճել ազդեցության լծակի ու քաղաքական ճնշումների, որոնց ստիպված տուրք կտան հարավկովկասյան երկրները»,- մանրամասնեց իրանագետը։
Նա ուշադրություն դարձրեց նաև Իրանը շրջանցող և Իրանին մեկուսացնող մեգա ծրագրերի վրա։ Այդպիսիք են, օրինակ, Իրաքի տարածքով դեպի Թուրքիա անցնող, ինչպես նաև Պակիստանը, Աֆղանստանն ու Թուրքմենստանն ընդգրկող տարանցիկ կապուղիները, էլ չասած Սյունիքի հարավային հատվածով անցնող և Թուրքիան Կասպյան ավազանին միացնող հորիզոնական ուղու մասին, որն իրանական կողմի տեսանկյունից պարունակում է անվտանգային ռիսկեր։
«Բնականաբար, այդ պարագայում առաջին պլան է մղվել Իրանի հակազդման քաղաքականությունը, որն առայժմ ունի փափուկ դրսևորում։ Թեհրանն ուշադիր հետևում է և շարունակաբար հետևելու է զարգացումներին, բայց մյուս կողմից էլ վստահում է հայկական կողմի հավաստիացումներին»,- եզրափակեց Դավթյանը։