Տեղական ակտիվ խմբերի շնորհիվ Լոռու և Տավուշի մարզերի բնակիչները որոշիչ դեր ունեն իրենց բնակավայրերի զարգացման ծրագրերում
8 րոպեի ընթերցում

Տեղական ակտիվ խմբերը Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում ձևավորել են զարգացման նոր մոտեցում, որտեղ որոշումները կայացնում են բնակիչները։
Լոռու և Տավուշի մարզերում մի քանի տարի է, ինչ գործում են Տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ), որոնք համայնքային զարգացման նոր մոտեցում են առաջարկում. որոշումները կայացվում են հենց տեղաբնակների կողմից՝ առանց արտաքին պարտադրված նախընտրությունների: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցությամբ։
ՄԱԶԾ «ԵՄ տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի ղեկավար Հարություն Գևորգյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ծրագիրը նպատակ ունի տեղայնացվել տարածքային կայուն զարգացմանն ու գյուղական համայնքների կենսամակարդակի բարելավմանը միտված ԵՄ LEADER մեթոդաբանությունը:

«Ծրագրի կարևորագույն արդյունքներից է Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) ձևավորումը։ ՏԱԽ-ը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող միավորում է, որն իր մեջ ընդգրկում է համայնքային իշխանությունների, քաղաքացիական հասարակության և տեղական բիզնեսի ներկայացուցիչներին։ ՏԱԽ-երի գործունեության հիմքում ընկած է եվրոպական LEADER մոտեցումը, որը տարածքային զարգացման եվրոպական մոդել է՝ ուղղված համայնքների ներուժի բացահայտմանը և ներքևից վերև որոշումների կայացման մշակույթի ձևավորմանը։ Այս պահին Լոռու և Տավուշի մարզերում գործում է հինգ ՏԱԽ, իսկ Շիրակի մարզում՝ ևս երեք ՏԱԽ, որոնք ստեղծվել են Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ»,- ասաց Հարություն Գևորգյանը:
Անդրադառնալով ծրագրերի ֆինանսավորմանը՝ նա նշեց, որ ՏԱԽ-ի անդամները մշակում են իրենց տարածքի զարգացման ռազմավարությունը, սահմանում առաջնահերթությունները և հայտարարում դրամաշնորհային մրցույթներ։ Գնահատող հանձնաժողովը կազմված է հենց տեղաբնակներից, որոնք ուսումնասիրում և գնահատում են ներկայացված ծրագրերը։ Այս մոտեցումը թույլ է տալիս համայնքներին ինքնուրույն որոշել՝ ինչն է իրենց համար կարևոր ու առաջնային։
«Բացի այդ, համայնքներն իրենց ներդրումն ունեն համաֆինանսավորման տեսքով։ Օրինակ՝ Իջևան համայնքը համաֆինանսավորել է խելացի կանգառների կառուցումը, Այրում համայնքը մասնակցել է մշակույթի տան վերանորոգմանը, իսկ Փամբակում իրականացվել են ջրագծերի անցկացման և ավտոտեխնիկայի ձեռքբերման ծրագրեր»,-ասաց ծրագրի ղեկավարը:
Նա ընդգծեց՝ ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է 203 դրամաշնորհային նախագիծ, որոնք ընդգրկում են գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի և համայնքային ենթակառուցվածքների ուղղությունները։
Հարություն Գևորգյանի խոսքով՝ այս ծրագրերը ցույց են տվել, որ համայնքների ներգրավվածությունն իրական զարգացման բանալին է։

«Օրինակ՝ Լոռու մարզի Վահագնի բնակավայրում կառուցվել է ալրաղաց, որի արդյունքում ցորենի ցանքատարածությունները երեք անգամ աճել են։ Ստեղծվել է լողավազան, որը երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով և առողջ ապրելակերպ վարել։ Հիմնվել են փայտամշակման արտադրամասեր, կարի արհեստանոցներ, տրամադրվել են ջերմատներ և երաժշտական գործիքներ մշակույթի կենտրոններին,- ասաց նա:
Գևորգյանի խոսքով՝ ծրագիրը լուրջ ներդրում է բերել ՀՀ տարածքային զարգացման ոլորտում քաղաքականությունների մշակման հարցում։ Մասնավորապես, ծրագրի աջակցությամբ մշակվել է ՀՀ 2024-2030 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը, որում ընդգրկված է նաև ՏԱԽ-երի գործունեությունը՝ որպես տարածքային զարգացում ապահովող սուբյեկտներ։ Ռազմավարությունն արդեն գտնվում է հաստատման ավարտական փուլում։
«Այս մոտեցումը ոչ միայն ծրագրեր է իրականացնում, այլև փոխում է համայնքային կառավարման մշակույթը․ բնակիչները դառնում են իրենց տարածքի զարգացման իրական որոշող ուժ»,- նշեց Հարություն Գևորգյանը:
ՏԱԽ-երը ներկայում ֆինանսավորվում են ԵՄ և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի ավարտից հետո քննարկվում են դրանց ֆինանսական կայունության ուղիները՝ ներառյալ պետական բյուջետային միջոցները, անդամավճարները, դոնորական աջակցությունը և տնտեսական գործունեությունից ստացվող միջոցները։
«Գանձոր» ՏԱԽ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մերի Թուխիկյանն էլ նշեց, որ ի տարբերություն մյուս ՏԱԽ-երի՝ «Գանձոր»-ը ձևավորվել է Ալավերդի և Նոյեմբերյան խոշորացված համայնքների 30 բնակավայրի համատեղությամբ, ինչի շնորհիվ դարձել է միջմարզային համագործակցության հիանալի օրինակ։

«Այսօր մեր տեղական դերակատարները՝ համայնքի բնակիչները, արդեն լիարժեք ներգրավված են։ Շատերն իրենց գաղափարները վերածել են բիզնեսի, ստանում են եկամուտ, իսկ որոշ դեպքերում նաև աշխատատեղեր են ստեղծում այլ համայնքաբնակների համար։ Ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մարդիկ տեսնում են իրենց ապագան հենց համայնքում։ Այս ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլև ուժեղ սոցիալական ազդեցություն ունեն. փոխվում է մտածելակերպը, վերագտնում ենք համայնքային ակտիվության ու համագործակցության մշակույթը»,- ասաց Թուխիկյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ընդգծեց, որ նախարարությունը ՄԱԶԾ «ԵՄ տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի գործընկերն է և մշտապես համագործակցում է ծրագրի հետ։
Նրա խոսքով՝ ծրագիրը խթանում է ակտիվ և նախաձեռնող խմբերի ձևավորումը, որոնք նոր գաղափարներով նպաստում են համայնքային և տարածքային համաչափ զարգացմանը։
«Այս խմբերը կարող են փոխել իրավիճակը համայնքներում, գեներացնել նոր գաղափարներ և իրականացնել 2-3 տարվա կարևոր նախագծեր։ Նրանց ներգրավվածությունը հատկապես արժեքավոր է մասնակցային բյուջետավորման գործընթացում»,- նշեց Գիլոյանը։
Նա հավելեց, որ նախարարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ծրագրի ավարտից հետո խմբերը շարունակեն գործել, ստանան ֆինանսական աջակցություն և երկարաժամկետ հիմքեր ունենան։
«Այսօր արդեն համայնքներին տրամադրվում են տարածքներ, որտեղ խմբերը կարող են աշխատել և նոր նախաձեռնություններ իրականացնել։ Մենք կշարունակենք ապահովել նրանց կայուն գործունեությունը»,- ասաց նա։
Գիլոյանն ընդգծեց, որ տարածքային համաչափ զարգացման ռազմավարության մեջ արդեն ամրագրված է այս գաղափարախոսությունը, և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսվում է անդրադարձ կատարել այդ ակտիվ խմբերի գործունեությանը։
