ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ
2 րոպեի ընթերցում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանի հայտարարությունը։
«Ներկայումս ՀԱՊԿ-ի միջոցով Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական կամ այլ ոլորտներում համագործակցություն չկա»,-ասել է Աղասանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանը օգտվում է ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական մատակարարումների արտոնյալ պայմաններից։
Դեպարտամենտի տնօրենը նշել է, որ Երևանի հետ համապատասխան համագործակցությունը պահպանվում է երկկողմանի հիմունքներով։
«Գոյություն ունի անհրաժեշտ իրավական շրջանակ, բազա, որը ներառում է ռազմական արտադրանքի մատակարարումն արտոնյալ պայմաններով»,-ասել է նա։
Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ Հայաստանը չի ակտիվացնելու աշխատանքերը ՀԱՊԿ-ում, և կառույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառված է, և ինքն ուրախ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից։
Սրան ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե անդամակցությունն այլևս պետք չէ Երևանին։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։