Ինքնատիպ և չկրկնվող արտիստը. Դրամատիկական թատրոնի դերասանները կարոտով են հիշում խաղընկերոջը՝ Գուժ Մանուկյանին
17 րոպեի ընթերցում
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում փայլել է ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական դերերով։ Նրան հաջողվել է մշտապես պահպանել ինքնատիպությունը, հասկանալ, հավատալ իր կերտած կերպարներին և երբեք չկրկնվել։ Մանուկյանը կյանքից հեռացավ շաբաթներ առաջ, սակայն նրա մարմնավորած կերպարները, անզուգական խաղը, վստահաբար, կմնան հայ թատրոնի և կինոարվեստի պատմության վառ էջերում։
Պահանջկոտ, պարտաճանաչ, թատրոնին և կինոյին անմնացորդ նվիրված արտիստ և հրաշալի խաղընկեր։ Այսպես են Գուժ Մանուկյանին բնութագրում նրա խաղընկերները, որոնց հետ դերասանը երկար ճանապարհ է անցել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ նպաստելով թատրոնի կայացմանն ու զարգացմանը։
«Գուժ Մանուկյանը հայ թատրոնի ամենապրոֆեսիոնալ դերասաններից էր, ամենաօրինապահներից էր»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյանը, որը ոչ միայն Մանուկյանի խաղընկերն է եղել, այլև լավ բերակամը։
Հարությունյանի ուսանողական տարիներին նրա համակուրսեցին՝ Բագրատ Գրիգորյանը, Երևանի դրամատիկական թատրոնում դիտում է Մանուկյանի մասնակցությամբ «Անօժիտը» ներկայացումն ու իր հիացմունքն արտահայտում նրա խաղի վերաբերյալ։ Նա Հարությունյանին հորդորում է անպայման դիտել բեմադրությունը։ «Ես ապշել էի։ Գուժը կերտել էր Կարանդիշևի կերպարը։ Ռյազանովի ֆիլմում Մյագկովն է այդ դերում։ Գուժը բեմում հրաշքներ էր գործում. ապշելու դերակատար էր, բնավորությունների դերասան էր, բայց նաև խաղում էր հերոսների։ Դրամատիկականի «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման մեջ կերտում էր Մարկոսի կերպարը։ Ներկայացման մեջ Մարկոսի ատամը պետք է հեռացնեն։ Մանուկյանի դերակատարումը ֆանտաստիկ էր, որովհետև նրա ամբողջ մարմինն էր խաղում, դեմքն ու հոգին։ Շատ քիչ եմ տեսել նման արտիստների»,-նշում է Հարությունյանը։
Ռոբերտ Հարությունյանը սովորել է անվանի ռեժիսոր Վարդրան Աճեմյանի կուրսում։ Մի առիթով Աճեմյանն ուսանողների համար հատված է բեմադրում «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումից և Մարկոսի դերը վստահում է Հարությունյանին։ «Երբ դիտեցի Գուժի առաջին փորձն այդ կերպարում, զարմացա. ասես Աճեմյանը բեմադրած լիներ։ Գուժի կատարումն այնպիսին էր, ինչպիսին Աճեմյանը պահանաջում էր ինձնից։ Դա լավ ներկայացում էր, բայց Գուժն իր փոքր դերով այն գոհար էր դարձնում։ Նա նաև մարդկային բարձր հատկանիշներով օժտված մարդ էր։ Միասին 55 տարի աշխատել ենք Երևանի դրամատիկական թատրոնում, և ես չեմ լսել, որ որևէ մեկի մասին վատ արտահայտվի»,-ընդգծում է Հարությունյանը։
Գուժ Մանուկյանը միշտ աջակցել է երիտասարդներին, երբեք չի խանգարել կամ խոչընդոտներ ստեղծել նրանց համար, իսկ Հարությունյանը վարպետից շատ բան է սովորել։ «Ինչպես Գուժ Մանուկյանից, այնպես էլ Լևոն Թուխիկյանից, Վլադիմիր Մսրյանից, Իշխան Ղարիբյանից սպունգի նման վերցնում էի։ Փափազյանն ասում էր, որ դերասանին հայրն ու մայրն են ծնում, բայց նա միշտ աճելու տեղ ունի, եթե փորձառուներից չսովորի, չի կայանա։ Գուժն այն դերասաններից էր, որից անհրաժեշտ էր վերցնել հնարավորը։ Հիշում եմ՝ առաջին անգամ «Մեծ լռություն» ներկայացման մեջ ընդգրկվեցի, փոխարինում էի դերասաններից մեկին, քիչ ժամանակ կար պատրաստվելու համար։ Բեմում լարված էի. իմ հետևում Գուժ Մանուկյանն ու Արթուր Ութմազյանն էին։ Նրանք ասես դատավորներ լինեին։ Ներկայացումն ավարտվեց, Գուժը մոտեցավ ու ասաց. «Ռոբ ջան, այդ տեսարանը քոնն է, խաղա այնպես, ինչպես ցանկանում ես, մի շտապիր, մի ձգտիր մեզ օգնել կամ ներկայացումը ռիթմից չգցել»։ Դա ինձ համար մեծ օգնություն էր, և հաջորդ ներկայացմանը ծափահարությունների արժանացա»,-հիշում է Հարությունյանը։
Ըստ նրա՝ Մանուկյանը երբեք ոչ մի դեր վատ չի խաղացել և երբեք իր խաղընկերոջն անակնկալ չի մատուցել բեմում, միայն աջակցել է։ Եթե նկատողություն է արել, ապա այնքան նրբանկատ, որ որևէ մեկը չվիրավորվի։
Անդրադառնալով կինոարվեստին՝ Ռոբերտ Հարությունյանը հիշեց Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմը, որում Գուժ Մանուկյանը փոքրիկ էպիզոդում է խաղում։ Նա պատերազմի մասնակից է, որը կորցրել է ոտքը։ «Տեսարանը ցնցող է. գերմանացի գերիներն աշխատում են. Գուժի մարմնավորած կերպարը՝ Ռուբենը, մոտոցիկլետով գալիս է, ոչ մի բառ չի ասում, ուղղակի պտտվում է, հպարտությամբ նայում է նրանց ու հեռանում։ Ուզում է ասել՝ դուք ինձ հաշմանդամ եք դարձրել, բայց ես մոտոցիկլետ եմ քշում, իսկ դուք իմ գերիներն եք։ Գուժի հայացքում ամեն բան կարդացվում է։ Յուրաքանչյուր ֆիլմում նա հրաշալի է, իսկ այդ փոքր օրինակը շատ բանի մասին է խոսում»,-շեշտում է դերասանը։
Հայաստանի վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը 55 տարի աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում։ Երբ նա նոր է մուտք գործել Դրամատիկական թատրոն, Գուժ Մանուկյանը զբաղված է եղել թատրոնի լավագույն ներկայացումներում։ «Առաջին փայլուն դերը, որով ինձ ճանաչեցին, հեռուստաներկայացման շնորհիվ էր։ Խաղացի Գուժ Մանուկյանի հետ։ Խոսքը «Երկուսը ճոճանակի վրա» բեմադրության մասին է։ Մեզ հաջողվում էր երկու ժամ մարդկանց գամված պահել հեռուստաէկրաններին։ Հիսունից ավելի տարի է անցել, սակայն դեռ կան մարդիկ, որոնք հիշում են մեր դերակատարումը, որովհետև այն լավագույն հեռուստաներկայացումներից մեկն էր»,-պատմում է դերասանուհին։
Գուժ Մանուկյանի հետ խաղալը Շահիրյանի համար մեծ հաճույք է եղել, քանի որ Մանուկյանին հրաշալի արտիստ, մանկավարժ է համարում։ Շահիրյանը գնահատել է Մանուկյանի նվիրվածությունն ու լուրջ վերաբերմունքը թատերարվեստին, յուրաքանչյուր դերի։ «Պարտաճանաչ էր և խաղում էր ոչ միայն իր, այլև խաղընկերոջ համար։ Ինձ ամուր ու ճիշտ տեղում էի զգում, երբ խաղում էի նրա հետ։ Հեռուստաներկայացումից հետո միասին մի քանի ներկայացումներում ենք զբաղված եղել։ Վերջին բեմադրություններից մեկը «Մսյո Ամիլկար»-ն էր։ Նա իմ խաղընկերն էր և ներկայացման ռեժիսորը։ Այդտեղ կան տրագիկ կտորներ, որոնցում մեծ հուզմունքով էի խաղում։ Նկատում էի, որ Գուժ Մանուկյանն իր կերպարից դուրս է եկել և այնպես է ինձ նայում, որ հանկարծ չվրիպեմ։ Նույնիսկ խաղալիս չէր մոռանում ռեժիսոր լինելու մասին։ Մոռանում էր իր դերակատարումը, միայն թե խաղընկերը չսխալվեր»,-հիշում է Շահիրյանը։
Մանուկյանը միշտ ներկայացումներից երկու ժամ առաջ է եկել թատրոն, նստել է գրիմանոցում և ամբողջովին մխրճվել իր կերպարի մեջ։ Նույնը պահանջել է իր խաղընկերներից։
«Երբ ծանոթանում ես թատրոնում, կինոյում, հեռուստաներկայացումներում Գուժի կերտած կերպարներին, փաստում ես, որ նա ոչ մի տեղ չի կրկնվում։ Դա խոսում է Մանուկյանի արհեստավարժ լինելու մասին։ Յուրաքանչյուր կերպարի յուրովի էր մոտենում, այդ իսկ պատճառով ինքնատիպ էր»,-շեշտում է Էվելինա Շահիրյանը։
Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը երիտասարդ տարիքից ձգտել է հարուստ ներաշխարհով և տարիքով հասուն մարդկանց հետ շփվել, քանի որ նրանցից կարելի է շատ բան սովորել։ Ղամբարյանն իր անկեղծ սիրով, հետաքրքրվածությամբ կարողացել է արժանանալ ավագների վստահությանը, մարդկանց, որոնք ժամանակի ընթացքում դարձել են իր ընկերները։ Ղամբարյանի աշխատանքային ընկերների առաջին հորիզոնականում Գուժ Մանուկյանն է եղել։ Նրանց շփումները սկսվել են բեմարվեստի շնորհիվ. խաղացել են մի շարք ներկայացումներում։ Փորձերն ու ներկայացումներն անցյալում են մնացել, իսկ ընկերությունը շարունակվել է։
«Շատ անձնական զրույցներ եմ ունեցել Գուժ Ալեքսանդրովիչի հետ։ Մտերիմ էինք նաև ընտանիքներով։ Քիչ կլինի, եթե ասեմ, որ նա իմ ուսուցիչն էր։ Նա է սովորեցրել բեմում լսելու ունակությունը։ Թվում է՝ երբ քո խոսքի ժամանակը չէ, դու պետք է լսես, բայց ոչ բոլորն են կարողանում դա անել։ Բեմում լսելն անմիջականորեն և ուղիղ նպաստում է խաղի որակի բարձրացմանը, դերի ընկալումը գալիս է ոչ թե նրանից, թե ինչ ես ասում, այլ նրանից, թե ինչպես ես վերաբերվում իրադարձություններին, որոնք կատարվում են շուրջդ։ Գուժ Մանուկյանն ինձ սովորեցնում էր ուշադիր հետևել անգամ այն մանրուքներին, որոնք առաջին հայացքից ոչ մի նշանակություն չունեին։ Նա հորդորում էր դիտել անգամ այն տեսարանները, որոնցում ընդգրկված չէի»,-հիշում է Ղամբարյանը։
Ըստ նրա՝ Գուժ Մանուկյանը հրաշալի դերասան էր, փառահեղ, անկրկնելի խաղընկեր էր, իսկ կյանքում պարկեշտության, ազնվության մարմնացում էր։ «Նա ասես երեխա լիներ. այնքան անաղարտ էր, որ երբեմն զարմանում էի։ Ասում էի. «Գուժ Ալեքսանդրովիչ, ախր այս բանն այսպես է, չե՞ք նկատում»։ Պատասխանում էր, որ նկատում է, բայց այլ կերպ վարվել չի կարող։ Ասում էր՝ պետք չէ վատին վատով պատասխանել։ Նա իրավիճակներից վեր էր, ինչն ազնվական մարդու մասին էր խոսում։ Նա մեր կողքին էր ապրում և նույն միջավայրում, բայց կարծես այլ դարերի մարդ լիներ. վեր էր ագրեսիայից, չարությունից, նենգությունից։ Խաղաղ էր ու միշտ ասում էր, որ պետք չէ այդ պահին արձագանքել երևույթներին, հարկավոր է խնդրին ավելի լայն նայել, հասկանալ պատճառները»,-նշում է դերասանուհին։
Լուիզա Ղամբարյանի հետ զրույցներից մեկի ժամանակ Մանուկյանը խոսել է տարիքի մասին ու խոստովանել՝ երբ կյանքից հեռացել է Հրաչյա Ներսիսյանը, որն ավելի քան 60 տարեկան է եղել, իրենք շատ վատ են զգացել, բայց մտածել են՝ վարպետը մեծ էր։ «Ասաց. «Այ մարդ, ես շուտով 80 տարեկան եմ դառնում, բայց իմ տարիքը չեմ զգում»։ Նա իսկապես իր տարիքը չէր զգում. կենսուրախ էր, առույգ էր։ Մինչև չարաբաստիկ համավարակը, մենք խաղում էինք Բեռնարդ Սլեյդի «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացման մեջ։ Նա գլխավոր դերակատարն էր։ Խաղում էին նաև Էվելինա Շահիրյանը, Արմեն Բարսեղյանը։ Շատ գեղեցիկ ու խորքային ներկայացում էր։ Գուժ Մանուկյանի միտքը պայծառ էր»,-ընդգծում է Լուիզա Ղամբարյանը։
Նա ցավում է, որ Գուժ Մանուկյանը ֆիզիկապես մեզ հետ չէ և փաստում՝ Մանուկյանը հետաքրքիր, գեղեցիկ ու երջանիկ կյանքով է ապրել, գնահատված ու սիրված է եղել։
Դերասան, Գուժ Մանուկյանի խաղընկեր, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բարսեղյանը հիշեցնում է՝ Մանուկյանը Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադիրներից է եղել։ Հրաչյա Ղափլանյանի և այլ ժամանակակիցների հետ Մանուկյանին հաջողվել է արմատավորել թատերական այնպիսի ավանդույթներ, որոնք թե՛ Բարսեղյանը, թե՛ ավելի երիտասրադ սերնդի ներկայացուցիչները փորձում են պահպանել և շարունակել։
Բարսեղյանը 1950-1970-ական թվականները հայ մշակույթի վերելքի տարիներ է համարում՝ թատերարվեստ, գեղարվեստ, կինոարվեստ, պարարվեստ և այլն։ «Պայծառ սերունդ էր, մարդիկ, որոնք ուսանել էին հրաշալի վարպետների մոտ։ Այդ սերնդի կարկառուն ներկայացուցիչներից էր Գուժ Մանուկյանը։ Նրանք տարբեր մշակութային օջախներում ձևավորեցին դպրոցներ, որոնք շարունակում են պահպանել ավանդույթները»,-պատմում է Բարսեղյանը։
Նա շատ ուրախ է, որ առիթ է ունեցել աշխատել Գուժ Մանուկյանի հետ, որը, ինչպես և մյուս գործընկերներն են նշում, շատ պարտաճանաչ է եղել, պահանջկոտ ու նվիրված։ «Սիրում էր թատրոնն ու կինոն, հարգում էր գործընկերներին։ Եթե չլինեն այդ գործոնները, հնարավոր չի լինի ներկայացում ստեղծել։ Նրանից շատ բան ենք վերցրել, սովորել։ Գուժ Մանուկյանը հայ թատրոնի և կինոյի մի ամբողջ դարաշրջան է խորհրդանշում։ Ժամանակին չկային նկարահանման հնարավորություններ, և շատ ներկայացումներ մեզ չեն հասել, միայն լուսանկարներն են պահպանվել, սակայն ես շատ պատմություններ եմ լսել, թե ինչպես են համախմբվել ու ստեղծել այս թատրոնը, մեկնել հյուրախաղերի և այլն»,-ասում է նա ու հավելում՝ գուցե շատերին դուր չեն եկել Մանուկյանի պահանջկոտությունն ու բծախնդրությունը, սակայն հետո գիտակցել են, որ այդ ամենը պտուղներ է տալիս։
Բարսեղյանը Գուժ Մանուկյանի հետ խաղացել է «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», «Կանգ առ, երկրագունդ», «Մեծ լռություն», «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացումներում։
«Մեծ լռություն» ներկայացման մեջ Մանուկյանը կերտել է Դանիել Վարուժանի կերպարը, իսկ Բարսեղյանը՝ Ջեմալ Օղուսի, հետագայում՝ Կոմիտասի։ «Երբ ընդգրկվեցի ներկայացման մեջ, սկզբնական փորձերը Գուժ Մանուկյանն էր անցկացնում։ Շատ ուշադիր էր, ամեն բառին էր ուշադրություն դարձնում, ասում էր, որ ամեն բառ կարևոր է, իմաստ, նշանակություն ունի։ Շեշտում էր՝ կարելի է բառը օդ շպրտել, բայց այդպես ճիշտ չէ, պետք է աշխատել բառի, նախադասության վրա։ Դա իր արդյունքը տվեց»,-հիշում է Բարսեղյանը։
Նա ևս կարծում է, որ Գուժ Մանուկյանը խարակտերային դերասան էր։ Ուսանողության տարիներին Բարսեղյանը հաճախ է այցելել Դրամատիկական թատրոն։ Գուժ Մանուկյանին առաջին անգամ տեսել է «Ատամնաբույժն արևելյան» նեկայացման մեջ։ Վստահեցնում է՝ Մանուկյանի մասնակցությամբ դրվագն առանձին համերգային տեսարան էր։
Մտքով չի անցել, որ մի օր Մանուկյանի հետ բեմ կբարձրանա։ Նրա համար Գուժ Մանուկյանը գիգանտ էր, հզոր արտիստ։
Թատրոնում Գուժ Մանուկյանի լավագույն դերակատարումներից են Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարոն (Հովհաննես Թումանյանի («Անուշ»), Պյոտորը (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմը (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլին (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշևը (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծը (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Ալֆրեդը (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվել է 1964 թվականից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։
Արխիվային բոլոր լուսանկարները տրամադրել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը