Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց դիմած 12 անձանց դեպքի առնչությամբ իրականացված ստուգումների արդյունքում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում օգտագործվող հավի և իշխանի ֆիլեների նմուշներում լաբորատոր անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի խոհանոցում, որտեղից մի շարք սննդամթերքների նմուշներ են վերցվել և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Փորձաքննության արդյունքում «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի արտադրության իշխանի ֆիլեն չի համապատասխանել սահմանված պահանջներին մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով։


«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի արտադրության հավի ֆիլեում, իր հերթին, հայտնաբերվել են ախտածին սալմոնելաներ։

Տեսչական մարմինը տվյալ խմբաքանակների իրացումն արգելելու, դրանք շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ կարգադրագրեր է տվել։
Ստուգման ընթացքում հյուրանոցի խոհանոցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, այդ թվում՝ տոստի հաց, լոշիկ, հաճարի ալյուր, ինչպես նաև պարմայի հաց՝ առանց նշված պիտանիության ժամկետի։ Հայտնաբերված վտանգավոր սննդամթերքը տեղում ոչնչացվել է։

Լաբորատոր փորձաքննության արդյունքներից հետո վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ում և «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ում։ Այնտեղ կատարված նոր նմուշառումների փորձաքննությամբ անհամապատասխանություններ չեն արձանագրվել։

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ դիմել էին հիվանդանոցներ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։